Ռուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը հրապարակել են Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ տեսազանգի ձայնագրությունը, որի ընթացքում նա մոլորության մեջ է գցվել և զրուցակիցներին ընդունել է որպես ուկրաինացի պաշտոնյաների, հայտնում է Ekathimerini-ն։

Պարբերականի տվյալներով՝ զրույցի ընթացքում Դոկոսը որևէ գաղտնի տեղեկություն չի բացահայտել։ Հունական իշխանությունները հայտարարել են, որ արդեն ուժեղացնում են կապի անվտանգության միջոցառումները՝ նման «հիբրիդային հարձակումներից» պաշտպանվելու համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ուկրաինական ծովային անօդաչու թռչող սարքը, որը մայիսին ալիքները դուրս էին նետել Լեֆկադա կղզու ափին, ինչպես նաև Հունաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ և երկրի ներքաղաքական իրավիճակը։ Դոկոսը ենթադրել է նաև, որ առաջիկա ամիսներին Հունաստանում կարող են համապետական ընտրություններ անցկացվել։

Միջադեպը քաղաքական արձագանք է առաջացրել. ընդդիմությունը խորհրդականին կոչ է արել հրաժարական տալ՝ դա անվանելով «միակ տարբերակը»։

Հունաստանի կառավարությունում պնդում են, որ կատակախաղի ընթացքում հնարավոր է օգտագործված լինեն «արհեստական բանականության գերժամանակակից տեխնոլոգիաներ»։

Source: https://news.am/hy/news/1047727