Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին հայտարարել է, որ ոչ մի կողմ չպետք է հնարավորություն ունենա գերիշխել Հորմուզի նեղուցի վրա կամ այն օգտագործել որպես համաշխարհային տնտեսության վրա ճնշման լծակ։

Ելույթ ունենալով Պրահայում ընթացող GLOBSEC 2026 ֆորումի շրջանակում կազմակերպված «Դոմինոյի էֆեկտ. ինչպես է Իրանի հետ հակամարտությունն ազդում համաշխարհային տնտեսության և քաղաքականության վրա» պանելային քննարկմանը՝ նախարարն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը պետք է մնա ազատ և բաց միջազգային ջրային ուղի, որն ունի կրիտիկական նշանակություն համաշխարհային առևտրի և էներգետիկայի համար, հաղորդում է Gulf News-ը։

Ալ Զեյուդին հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է օգտագործի այս ռազմավարական ծովային երթուղին համաշխարհային շուկաների վրա ճնշում գործադրելու համար.

«Հորմուզի նեղուցը պետք է մնա բաց և հասանելի միջազգային նավարկության համար։ Ոչ մի կողմ չպետք է հնարավորություն ունենա վերահսկել կամ օգտագործել այն որպես զենք գլոբալ տնտեսության դեմ»։

Նախարարը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանային անկայունության հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Դրանց թվում են այլընտրանքային առևտրային երթուղիների զարգացումը և լոգիստիկ ենթակառուցվածքների արագացված արդիականացումը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում իրավիճակի սրումից և առևտրային ուղիների աշխատանքի խափանումներից, ներառյալ Պարսից ծոցի շրջանում առկա սպառնալիքներից հետո, երկիրն ակտիվացրել է մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման ծրագիրը։

Ալ Զեյուդին նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գործարկում է այլընտրանքային առևտրային միջանցքներ, որոնք հնարավորություն են տալիս շրջանցել Հորմուզի նեղուցը և պահպանել մատակարարումների կայունությունը։

Ստեղծվել է նաև 1 միլիարդ դիրհամի չափով տնտեսական աջակցության փաթեթ՝ բիզնեսի, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների կայունությունն ապահովելու համար։

Նա ընդգծել է, որ լոգիստիկ փոխակերպումը, որն ի սկզբանե նախատեսված էր մեկ տասնամյակի համար, այժմ իրականացվում է շատ ավելի արագ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով:

Նախարարը նաև վերահաստատել է երկրի՝ միջազգային առևտրի ընդլայնմանն ուղղված երկարաժամկետ ուղեգիծը։ Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրերի ծրագիրը շարունակում է մնալ արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային գործիք։

Նա նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 35 առևտրային համաձայնագիր է կնքել վեց մայրցամաքներում, իսկ երկրի ոչ նավթային արտաքին առևտրի ծավալը 2025 թվականին հասել է 1,03 տրիլիոն դոլարի՝ ամրապնդելով նրա կարգավիճակը որպես գլոբալ առևտրային կենտրոններից մեկի։

Source: https://news.am/hy/news/1038266