ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական սրման պատճառով՝ անցած հանգստյան օրերին առևտրային նավերն ավելի հազվադեպ են անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին, վկայակոչելով ծովային փոխադրումներին հետևող ծառայությունների տվյալները, գրում է Bloomberg գործակալությունը։
Ըստ այդ տվյալների՝ կիրակի օրը նեղուցը երկու ուղղությամբ հատել է ընդամենը 12 նավ: Սա ավելի քան երկու անգամ պակաս է շաբաթ օրվա ցուցանիշից, երբ տանկերներից մեկի վրա հարձակում էր տեղի ունեցել (այդ օրը առևտրային նավերը ջրային այս զարկերակով անցել էին 28 անգամ)։ Մինչև վերջին սրումը՝ հունիսի 24-ին, նեղուցով անցել էր 58 նավ։ Սա ամենաբարձր ցուցանիշն էր փետրվարի վերջից ի վեր, երբ սկսվեցին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները։
Գործակալության տեղեկություններով՝ նավատերերի շրջանում մոտ ապագայում նավագնացության հեռանկարների վերաբերյալ անորոշություն է տիրում։ Որոշ նավեր, որոնք ուղևորվում էին դեպի ծովային միջանցք, այդպես էլ չեն համարձակվել անցնել դրանով։ Հարցված նավատերերը հայտնել են, որ առժամանակ սառեցրել են նեղուցով փոխադրումների իրենց ծրագրերը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ նոր հարվածներ են հասցվել Իրանի տարածքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների։ Ըստ հաղորդագրության՝ հարվածները եղել են ի պատասխան հունիսի 25-ին առևտրային նավի վրա Իրանի կատարած ենթադրյալ հարձակման։ Հրամանատարության պնդմամբ՝ հունիսի 27-ին տեղի է ունեցել երկրորդ հարձակումը. կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող «M/T Kiku» տանկերին։ Հաջորդ օրը, սակայն, ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնել՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար։ Այս մասին՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել է «Axios» պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։
Source: https://news.am/hy/news/1046643