Հորմուզի նեղուցի ականազերծման անհրաժեշտությունը նշանակում է, որ նույնիսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև զինադադարի պահպանման դեպքում ամիսներ կպահանջվեն, որպեսզի այս կարևոր ծովային ուղով նավագնացությունը վերադառնա մինչպատերազմյան ցուցանիշներին։ Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ճապոնական NYK Line նավագնացային ընկերության ղեկավար Տակայա Սոգան։
«Նավագնացության համար հասանելի երթուղիները խիստ սահմանափակ են. դրանք շատ նեղ միջանցքներ են,— նշել է Սոգան։ — Մենք դեռ շատ հեռու ենք այն պայմաններին վերադառնալուց, որոնք գոյություն ունեին մինչև Հորմուզի նեղուցի փակվելը»։
Ինչպես պարզաբանում է թերթը, նավերը կարող են շարժվել միայն երկու երթուղով՝ իրանական Լարակ կղզու մոտով և Օմանի ափի երկայնքով։ Հոդվածում նշվում է, որ Հորմուզի նեղուցում ընդհանուր առմամբ կարող է մինչև 80 ական մնացած լինել:
«Նույնիսկ եթե նավերը կարողանան անարգել մտնել նեղուց ու դուրս գալ այնտեղից, որոշ ժամանակ փոխադրումների ծավալը, ամենայն հավանականությամբ, կկազմի սովորական մակարդակից կեսից էլ քիչ»,— պարզաբանել է NYK Line-ի ղեկավարը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին և հարվածներհ ասցրել Իսրայելի տարածքին։ Հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Բացի այդ, Իրանի իշխանությունները որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ իրականացված ագրեսիային։ Նշենք, որ Հորմուզի նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։
Հունիսի կեսերին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հունիսի 21-22-ին շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանային քաղաքում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի ունեցան ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ ուղղված հուշագրի դրույթների իրագործմանը։ Ինչպես նշվում էր բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում, արձանագրվել է հուսադրող առաջընթաց, և, ի թիվս այլ հարցերի, հիմքեր են ստեղծվել հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։
Source: https://news.am/hy/news/1046547