Հորմուզի նեղուցում տասնյակ ականներ կան, և տարածքի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի։ Նման գնահատական է ներկայացրել Իտալիայի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի Միացյալ օպերատիվ հրամանատարության ղեկավար Ջովաննի Մարիա Յանուչին՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին և ստորին պալատների համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում։

«Ըստ գնահատականների՝ Հորմուզի նեղուցում տասնյակ ականներ կան, որոնց վնասազերծումը կտևի շուրջ երկու ամիս»,- նրա խոսքերն է մեջբերում ANSA գործակալությունը։ Հրամանատարն ընդգծել է, որ կիրառված նոր սերնդի ականների տեսակը հատուկ սարքավորումներ ու պատրաստվածություն է պահանջում, ինչին ոչ բոլոր երկրներն են տիրապետում։ «Հորմուզի նեղուցի ականազերծման բազմազգ առաքելության հեռանկարը թույլ կտա գործընթացում ներգրավել նաև ոչ եվրոպական ու տարածաշրջանային դերակատարների»,- հավելել է նա։ Զինվորականը նաև հստակեցրել է, որ իտալական ականակիր նավերն այս պահին գտնվում են Ջիբութիում։

Ավելի վաղ Իտալիան հայտարարել էր առաքելության կազմում երկու մասնագիտացված նավ ուղարկելու պատրաստակամության մասին, ինչը, սակայն, հնարավոր կլինի միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից և խաղաղության հաստատումից հետո։ Միջազգային առաքելության ստեղծման հարցն այժմ քննարկվում է եվրոպական մակարդակով։

Source: https://news.am/hy/news/1047103