Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկում են Անկարային մատակարարված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին փոխանցելու տարբերակը, պնդում է Hürriyet թերթի մեկնաբան Հանդե Ֆըրաթը։
Նրա խոսքով՝ թուրքական կողմը ցանկանում է դուրս գալ ամերիկյան CAATSA պատժամիջոցների ազդեցությունից և փնտրում է այնպիսի իրավական բանաձև, որը կբավարարի Վաշինգտոնին։ S-400-ների ապակտիվացման, համալիրների արձակման համակարգերի ապամոնտաժման կամ S-400-ները հանրապետությունում ապակտիվացված վիճակում ԱՄՆ վերահսկողությամբ պահելու տարբերակները չեն համապատասխանում CAATSA-ի չեղարկման համար ԱՄՆ իրավական պահանջներին։ Այդ կապակցությամբ, ինչպես նշում է Ֆըրաթը, քննարկվում է այն հարցը, որ S-400-ները ֆիզիկապես այլևս չլինեն Թուրքիայում։
Քննարկվում է ռուսական զենիթահրթիռային համակարգերը Պարսից ծոցի տարածաշրջանից երրորդ երկրի վաճառելու բանաձևը։ Ընդ որում, որոշ թուրքական ԶԼՄ-ներ հավանական գնորդ են անվանում ԱՄԷ-ին։
Թուրքիայի նկատմամբ CAATSA սահմանափակումների կիրառումը հանգեցրել է նրան, որ այն դուրս է մնացել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից և զրկվել է այդ ինքնաթիռները ստանալու հնարավորությունից։ Սակայն, ինչպես նշում է Hürriyet-ը, CAATSA-ի չեղարկումն ինքնին դեռ չի նշանակում Թուրքիայի համար այս հարցի ավտոմատ լուծում։ Բանն այն է, որ դրանից բացի ԱՄՆ Կոնգրեսը 2021 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքում (FY2021 NDAA) ներառել է դրույթներ, որոնք սահմանափակում են F-35-ների մատակարարումը Թուրքիային։ «Հետևաբար, նույնիսկ եթե CAATSA պատժամիջոցները հանվեն, Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին միևնույն է կպահանջի լրացուցիչ քաղաքական, տեխնիկական և իրավական ընթացակարգերի ավարտ։ Սրանք երկու տարբեր իրավական գործընթացներ են»,- նշում է Ֆըրաթը։
Այս դրույթների չեղարկման համար անհրաժեշտ կլինեն օրենքում փոփոխություններ կամ Թուրքիայի նկատմամբ սահմանափակումների կիրառությունը բացառող առանձին դրույթի ընդունում։ Իսկ դրա համար անհրաժեշտ կլինի Սպիտակ տան մասնակցությունը, որը պետք է համոզի Կոնգրեսին, որ Թուրքիան կատարել է համապատասխան պահանջները, և F-35-ների գնման հարցը վերանայելու համար իրավական որևէ խոչընդոտ չկա։ Ավելին, Պենտագոնը և այլ գերատեսչություններ ևս պետք է իրականացնեն իրենց գնահատականները և ներկայացնեն այս հարցի վերաբերյալ իրենց եզրակացությունները։ Եվ միայն իրադարձությունների դրական զարգացման դեպքում կարելի կլինի ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի լուծել Թուրքիայի կողմից արդեն վճարված, բայց չստացված վեց F-35-ների առաջնահերթ հարցը։ Թուրքիայի վերադարձը ծրագրին արդեն երկրորդ հերթի հարց է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր, որ Ամերիկան «կհանի CAATSA պատժամիջոցները»։ Իսկ F-35-ների հարցի վերաբերյալ, թեև նա լավատես էր, բայց նույնքան հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ այս թեմայով գնահատում կանցկացվի, և դեռևս մշակված որոշում չկա։
Source: https://news.am/hy/news/1048895