Հռոմի Լևոն XIV պապը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ժամանակ արհեստական ​​բանականության կիրառումը պետք է ենթարկվի էթիկական սահմանափակումների։ Այս մասին ասվում է քահանայապետի առաջին՝ «Magnifica Humanitas» («Մնանք մարդ») կոնդակում:

«Արհեստական ​​բանականության նկատմամբ վերահսկողությունը չպետք է մնա «քչերի» ձեռքում, իսկ տեխնոլոգիաները բորբոքում են համաշխարհային հակամարտությունները»,- կարծում է քահանայապետը:

Կոնդակում նշվում է արագ փոփոխվող տեխնոլոգիաների պայմաններում մարդկության եզակի «վեհությունը» պաշտպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև պահանջ է ներկայացվում, որ ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության կիրառումը պետք է ենթարկվի «ամենախիստ էթիկական սահմանափակումներին»:

Պապը հայտարարել է, որ «արդարացի պատերազմի» տեսությունը (քրիստոնեական ուսմունք՝ բաղկացած չորս սկզբունքներից, որոնք սահմանում են պատերազմի արդարացված համարվելու պայմանները) այժմ հնացել է։ Նա կարծում է, որ զինված ուժը կարող է կիրառվել բացառապես «ամենախիստ իմաստով ինքնապաշտպանության» համար։

«Մշտական հակամարտության մեջ գտնվող աշխարհի ստեղծումը չարիք է, և դա պետք է կոչել իր անունով... Մարդկությունն ունի շատ ավելի արդյունավետ ու գործուն գործիքներ մարդկային կյանքը պաշտպանելու և հակամարտությունները կարգավորելու համար, ինչպիսիք են երկխոսությունը, դիվանագիտությունը և ներումը», — գրում է Լևոն XIV-ը։

Կոնդակը պապական հիմնական փաստաթուղթն է՝ նվիրված կարևոր սոցիալ-քաղաքական, կրոնական և բարոյական հարցերին։

Source: https://news.am/hy/news/1038150