Հռոմի պապ Լևոն XIV-ը իտալական Լամպեդուզա կղզի այցի ընթացքում եվրոպական երկրներին կոչ է արել ավելի ակտիվ արձագանքել միգրացիոն ճգնաժամին և այն դիտարկել որպես «լուրջ պատմական մարտահրավեր», հայտնում է BBC News-ը։

Կղզում անցկացված պատարագի ընթացքում պոնտիֆիկոսը ընդգծել է ոչ միայն ժամանող միգրանտներին շտապ օգնություն ցուցաբերելու, այլև նրանց առավել արդյունավետ ինտեգրման, ինչպես նաև նրանց ծագման երկրներում պայմանների բարելավման անհրաժեշտությունը։

«Նրանք, ովքեր կորցրել են իրենց կյանքն այս ծովում, զոհեր են ինչպես ընդունված որոշումների, այնպես էլ այն որոշումների, որոնք չեն ընդունվել», — հայտարարել է Լևոն XIV-ը։

Նրա կարծիքով, Եվրոպան ունակ է համակողմանի արձագանքելու միգրացիոն ճգնաժամին՝ համադրելով կարճաժամկետ օգնության միջոցները երկարաժամկետ ռազմավարության հետ, որն ուղղված է միգրանտների ընդունմանը, պաշտպանությանը և ինտեգրմանը, ինչպես նաև զարգացող երկրներին աջակցելուն, որպեսզի նվազեցվի հարկադիր միգրացիան։

Պոնտիֆիկոսի այցը Լամպեդուզա սկսվել է գերեզմանատուն այցելությամբ, որտեղ նա աղոթել է Միջերկրական ծովն անցնելու փորձի ժամանակ զոհված միգրանտների շիրիմների մոտ։ Նա նաև եղել է «Եվրոպայի դարպասներ» հուշակոթողի մոտ և հանդիպել միգրանտների ընտանիքների ու հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, տարեսկզբից Միջերկրական ծովն անցնելու փորձի ժամանակ զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 28 երեխա։

Հռոմի պապ Լևոն XIV-ը 2025 թվականին ընտրվելու պահից բազմիցս հանդես է եկել միգրանտների աջակցությամբ և քննադատել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների և ԱՄՆ-ի, միգրացիոն քաղաքականության խստացումը։ Իր հայտարարություններում նա ընդգծում է, որ մարդկային արժանապատվության պաշտպանությունը ներառում է «միգրանտներին ընդունելու, պաշտպանելու և օգնելու» պարտավորությունը։

Source: https://news.am/hy/news/1047823