Հռոմի Պապ Լևոն XIV-ը, ով դարձել է Սուրբ Պետրոսի գահին բազմած առաջին ամերիկացին, հայտարարել է, որ ինքն առաջին հերթին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն է, իսկ հետո միայն՝ ամերիկացի։

NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում քահանայապետից հետաքրքրվել են՝ արդյո՞ք իր համար կարևոր է ամերիկացի լինելը։ «Կուզենայի հստակեցնել․ ես ինձ համարում եմ Հռոմի Պապ, ում բախտ է վիճակվել լինել ամերիկացի, — պատասխանել է նա։ — Ես ծնվել եմ Միացյալ Նահանգներում, իմ ընտանիքը շարունակում է ապրել Միացյալ Նահանգներում, ես շատ եմ սիրում Ամերիկան, սակայն իմ առաքելությունն ունի շատ կարևոր չափում՝ լինել համընդհանուր եկեղեցու հովվապետն ու կարողանալ խոսել ողջ աշխարհի մարդկանց հետ»։

Հռոմի Պապը նաև հավանական է համարել, որ շուտով կարող է այցելել ԱՄՆ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլին սուր քննադատությամբ էր հանդես եկել Լևոն XIV-ի հասցեին․ ամերիկացի առաջնորդը պնդում էր, թե նա ընտրվել է միայն ԱՄՆ-ի շնորհիվ։ ԱՄՆ առաջնորդը Truth Social-ում գրել էր, որ ներկայիս Պապը թեկնածուների ցուցակում է ընդգրկվել միայն այն պատճառով, որ ամերիկացի է, և եկեղեցին համարել է, թե «դա լավագույն միջոցը կլինի նախագահ Դոնալդ Թրամփի հետ մերձենալու համար»։ Թրամփի դժգոհության առիթ էին դարձել Հռոմի Պապի հակապատերազմական հայտարարությունները։ Լևոն XIV-ն մտահոգություն էր հայտնել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով սրացման կապակցությամբ։ Քահանայապետը լիովին անընդունելի էր անվանել Իրանում քաղաքակրթությունը ոչնչացնելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքը։

Source: https://news.am/hy/news/1052399