Հնդկաստանի կառավարությունը Պակիստանի 23 քաղաքացիների ներառել է ահաբեկիչների ցուցակում հակաահաբեկչական օրենսդրության՝ Անօրինական գործունեության կանխարգելման ակտի (Unlawful Activities (Prevention) Act, UAPA) շրջանակում, հաղորդել է Press Trust of India գործակալությունը։

Ներքին գործերի նախարարության կարգադրության համաձայն՝ այդ անձինք կապված են զինված խմբավորումների, այդ թվում՝ Jaish-e-Mohammad-ի (JeM) և Lashkar-e-Taiba-ի (LeT) հետ։

UAPA-ում 2019 թվականի օգոստոսին ընդունված փոփոխություններն ընդլայնել են օրենքի գործարկման մեխանիզմը և թույլ տվել պաշտոնապես «ահաբեկիչներ» ճանաչել ոչ միայն կազմակերպություններ, այլև առանձին անձանց։

Մինչ այդ նման կարգավիճակ կարող էր տրվել միայն ահաբեկչական խմբավորումներին։

Ցուցակում ներառվելը Հնդկաստանի Ազգային հետաքննական գործակալությանն (NIA) իրավունք է տալիս սառեցնել ֆինանսական ակտիվները, զենքի մատակարարումների սահմանափակումներ մտցնել և բռնագրավել գույքը։

Hindustan Times-ի տվյալներով՝ վերջին թարմացումից հետո այս սխեմայով ահաբեկիչ ճանաչված անձանց ընդհանուր թիվը հասել է 80-ի։

Հաղորդվել է, որ նոր ներգրավվածների թվում են նաև LeT-ի հիմնադիր Հաֆիզ Սայիդի երեք մերձավորները, նրան մեղադրում են 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 160 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Source: https://news.am/hy/news/1047878