Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսին՝ պաշտոնական բողոք հայտնելու Օմանի ծոցում առևտրային նավի վրա կատարված հարձակման կապակցությամբ, որի հետևանքով երեք հնդիկ նավաստի անհայտ կորած է համարվում. հայտնում է ANI գործակալությունը։
Դեմարշի առիթ է ծառայել Settebello առևտրային նավի հետ տեղի ունեցած միջադեպը, որի տախտակամածին եղել է Հնդկաստանի 24 քաղաքացի։ Հնդկական կողմի տվյալներով՝ անձնակազմի 21 անդամ փրկվել է, երեքը համարվում են անհետ կորած։
Նյու Դելին դատապարտել է կատարվածը և կոչ արել թուլացնել իրավիճակի լարվածությունը, ինչպես նաև ապահովել միջազգային առևտրային նավագնացության անվտանգությունը։
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO) հայտնել էր Սոհար քաղաքից մոտ 20 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք՝ Հորմուզի նեղուցի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նավը ենթարկվել է հրթիռային հարվածի՝ Հնդկաստանի առափնյա պահպանության և Օմանի իշխանությունների իրականացրած փրկարարական գործողության հաջորդ օրը։
Source: https://news.am/hy/news/1042610