Շոտլանդիայի ամենահարուստ նախապատմական լանդշաֆտներից մեկը հետազոտած հնագետները տորֆաճահճի տակ հայտնաբերել են նախկինում անհայտ քարե կամ փայտե շրջանի հետքեր, գրում է Live Science-ը։
Գտածոն կարող է համալրել Արրան կղզու Մահրի-Մուր համալիրի ծիսական կառույցների շարքը․ այս հուշարձանն արդեն ավելի քան մեկ դար գրավում է հետազոտողների ուշադրությունը՝ բազմաթիվ մեգալիթների, թաղման կառույցների և արարողակարգային հարթակների շնորհիվ, որոնք ստեղծվել են մոտավորապես մ.թ.ա. 3500-ից 1500 թվականների միջև։
Բացահայտումը կատարել են Շոտլանդիայի պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները՝ գեոֆիզիկական հետազոտության օգնությամբ։ Գիտնականներն օգտագործել են սարքավորում, որը շարժվում է հողի մակերևույթով և գրանցում հողում առկա թույլ մագնիսական անոմալիաները՝ հնարավորություն տալով առանց պեղումների հայտնաբերել թաքնված հնագիտական օբյեկտները։
Սկզբում նախագիծը միտված էր տորֆով ծածկված շրջաններում հետազոտության ժամանակակից մեթոդների արդյունավետության ստուգմանը, սակայն դրա փոխարեն հանգեցրեց անսպասելի բացահայտման։
«Մենք գիտեինք, որ Մահրի-Մուրում դեռևս շատ չբացահայտված հնագիտական հուշարձաններ կան, սակայն միանգամայն նոր շրջանի հայտնաբերումը գերազանցեց մեր բոլոր սպասումները»,- հայտարարել է Շոտլանդիայի պատմական միջավայրի պահպանության ծառայության մշակութային ժառանգության օբյեկտների փաստաթղթավորման ավագ մենեջեր Նիք Հենոնը։
Թեև աշխարհի ամենահայտնի նախապատմական շրջանը համարվում է Սթոունհենջը, այն նեոլիթի և բրոնզի դարի ժամանակաշրջաններում Մեծ Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի տարածքում կառուցված հարյուրավոր նման հուշարձաններից ընդամենը մեկն է։ Մահրի-Մուրը համարվում է այս շրջանի ամենալավ պահպանված ծիսական լանդշաֆտներից մեկը։ 1980-ականներից այստեղ հայտնաբերվել է վեց արարողակարգային շրջան, սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ դրանցից որոշներն ավելի բարդ կառուցվածք ունեն, քան նախկինում ենթադրվում էր։
Այսպես, թիվ 2 շրջանի կրկնակի ուսումնասիրության ժամանակ հնագետները հայտնաբերել են մագնիսական անոմալիաների օղակ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ սկզբնապես այն բաղկացած էր ոչ թե յոթ կամ ութ քարից, ինչպես նախկինում էր համարվում, այլ տասնչորսից։ Բացի այդ, բոլոր հայտնի շրջաններն ուղղված են դեպի հարևան Մահրի-Գլեն հովտի գագաթի մոտ գտնվող բացվածքը․ հենց այնտեղ է արևը ծագում ամառային արևադարձի օրը։ Սա վկայում է աստղագիտական դիտարկումների և ծիսական արարողությունների հետ կառույցների հնարավոր կապի մասին։
Նոր հուշարձանը դեռևս չի պեղվել։ Հետազոտողները հայտնաբերել են միայն մոտ 28 մետր տրամագծով տասներկու կլոր մագնիսական անոմալիաներից կազմված օղակ։ Նման անոմալիաները սովորաբար վկայում են հնագույն փոսերի կամ սյուների հետքերի առկայության մասին։ Դրանց միջև հեռավորությունը կազմում է մոտ 6,5 մետր, սակայն երկու տեղում կան զգալիորեն ավելի լայն բացվածքներ։ Հետազոտության հեղինակների կարծիքով, այստեղ կարող էին լինել ևս երկու փոս, որոնց հետքերը ժամանակի ընթացքում անհետացել են։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա սկզբնապես շրջանը նույնպես կարող էր բաղկացած լինել տասնչորս տարրից։
Միևնույն ժամանակ, պահպանված քարերի որևէ նշան գեոֆիզիկական հետազոտությունը չի բացահայտել։ Սա նշանակում է, որ կառույցը կարող էր կառուցված լինել կամ փայտե սյուներից, կամ քարերից, որոնք հետագայում հեռացվել են։
Նախորդ պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ Մահրի-Մուրի մի քանի այլ շրջաններ սկզբում եղել են փայտե կառուցվածքներ, իսկ մ.թ.ա. մոտ 2000 թվականին վերակառուցվել են քարով։ Ավելի ուշ դրանցից որոշների ներսում հայտնվել են դիակիզման թաղումներ և գերեզմաններ, ինչը վկայում է, որ ժամանակի ընթացքում այս հուշարձանների նշանակությունը փոխվել է։
Շոտլանդիայի պատմական միջավայրի պահպանության ծառայության ներկայացուցիչները կարծում են, որ վերջերս հայտնաբերված շրջանը, հավանաբար, վերաբերում է նույն ժամանակաշրջանին, ինչ համալիրի արդեն հայտնի հուշարձանները։ Այժմ հնագետներին մնում է պարզել, թե արդյոք տորֆի տակ իսկապես թաքնված է բրոնզե դարի ևս մեկ ծիսական հուշարձան, որը կարող է լրացնել պատկերացումները Շոտլանդիայի հին բնակիչների կրոնական և աստղագիտական կյանքի մասին։
Source: https://news.am/hy/news/1047772