Հնագետները եկել են այն եզրակացության, որ Իռլանդիայի նախապատմական ամենախոշոր հուշարձաններից մեկը եղել է Արևմտյան Եվրոպայի առաջին խոշոր կազմակերպված բնակավայրերից մեկը։ Antiquity ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մ.թ.ա. մոտ 1200 թվականին ներկայիս Հյուսիսային Իռլանդիայի տարածքում գտնվող Հոգի Ֆորտ ամրոցը հսկայական, մանրակրկիտ պլանավորված համալիրի կենտրոնն էր, որտեղ միավորված էին բնակելի թաղամասերը, արհեստագործական արտադրությունը և ծիսական կառույցները։

Աշխատանքն իրականացրել են Գլազգոյի համալսարանի և Բելֆաստի Քուինսի համալսարանի գիտնականները՝ կիրառելով հեռահար զոնդավորում, գեոֆիզիկական հետազոտություններ, հնագիտական պեղումներ և արխիվային նյութերի վերավերլուծություն։

Նավան համալիրը մինչ այժմ հայտնի էր գլխավորապես որպես երկաթե դարի հնագույն Ուլստերի թագավորության մայրաքաղաք, սակայն նոր տվյալները վկայում են, որ դեռևս ուշ բրոնզե դարում այստեղ արդեն գոյություն ուներ բարգավաճ կենտրոն՝ զարգացած սոցիալական կազմակերպմամբ։

Հետազոտողները հայտնաբերել են ավելի քան 200 փայտյա բնակելի կառույցների հետքեր, ինչը զգալիորեն գերազանցում է այդ ժամանակաշրջանի սովորական ամրացված բնակավայրի չափերը։ Բնակելի տներից բացի հայտնաբերվել են մինչև 30 մետր տրամագծով հսկայական կլոր շինություններ, որոնք, հեղինակների կարծիքով, ծառայել են որպես հասարակական կամ վարչական կառույցներ։ Այս ամենը թույլ է տալիս Հոգի Ֆորտը դիտարկել որպես Եվրոպայի վաղ պրոտոքաղաքային կենտրոններից մեկը։

Հնագիտական տվյալները վկայում են, որ այստեղ ծաղկում էին բրոնզե և ոսկյա իրերի մասնագիտացված արտադրությունը, լայնածավալ խնջույքները և արժեքավոր ապրանքների փոխանակումը։ Գտածոների թվում կան առարկաներ, որոնք ծագում են Պիրենեյան թերակղզուց և Կենտրոնական Եվրոպայից, ինչը խոսում է հեռավոր առևտրային կապերի գոյության մասին։

Հոգի Ֆորտը ավելի մեծածավալ համալիրի մի մասն էր։ Դրա մեջ մտնում էր արհեստականորեն ստեղծված «Թագավորական ախոռներ» ծիսական ջրավազանը, որտեղ հնագետները հայտնաբերել են զենքի ձուլման կաղապարներ, կենդանիների մնացորդներ և մարդկային ոսկորներ։ Այն ամրոցի հետ միացված էր լայն արարողակարգային ճանապարհով, որը եզերված էր փայտե ցցապատով և որով, հավանաբար, անցել են հանդիսավոր երթեր։

Ոչ պակաս տպավորիչ է եղել Կրիվերոուի հողաշերտ պաշտպանական վալերի համալիրը, որը հետազոտության հեղինակները առաջին անգամ մեկնաբանել են որպես 109 հեկտար տարածք զբաղեցնող արտաքին պարիսպ՝ մոտավորապես 155 ֆուտբոլային դաշտի չափ։ Սա հուշարձանը դարձնում է Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի ամենախոշոր հայտնի հնագիտական կառույցներից մեկը։

Հետազոտության ղեկավար Ջեյմս Օ'Դրիսկոլի խոսքով՝ այս բացահայտումը արմատապես փոխում է Իռլանդիայի ուշ բրոնզե դարի վերաբերյալ պատկերացումները։ Գիտնականները կարծում են, որ իրենց առջև ոչ թե առանձին-առանձին հուշարձաններ են, այլ միասնական մոնումենտալ լանդշաֆտ, որտեղ հստակորեն բաժանված էին բնակելի, արտադրական և պաշտամունքային գոտիները։ Կազմակերպվածության այս մակարդակը վկայում է բարդ հասարակության գոյության մասին, որը սերտորեն կապված էր Եվրոպայի այլ տարածաշրջանների հետ արդեն երեք հազար տարի առաջ։

Source: https://news.am/hy/news/1047047