Մոտ վեց հազար տարի առաջ հին Մեսոպոտամիայում ապրած մանկան աճյունը կարող է լինել Մերձավոր Արևելքում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենավաղ փաստաթղթավորված վկայությունը և համաշխարհային հնագիտության մեջ նմանատիպ ամենահին վկայություններից մեկը։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են International Journal of Osteoarchaeology ամսագրում։

Ոսկորները հայտնաբերվել են ժամանակակից Սիրիայի տարածքում, սակայն երեխայի կյանքի ժամանակ այդ վայրը եղել է հին Թել-Բրակ քաղաքի մի մասը՝ մարդկության պատմության մեջ առաջին խոշոր քաղաքային կենտրոններից մեկը։ Մանկանը թաղել են մ.թ.ա. 4200-ից 3900 թվականների միջև՝ ուշ պղնձեդարյան արհեստավորական թաղամասում գտնվող մանկական գերեզմանատանը։

Ատամների զարգացման հիման վրա գիտնականները պարզել են, որ մահվան պահին երեխան ընդամենը վեցից ինը ամսական է եղել։ Կմախքի ուսումնասիրությունը բացահայտել է կրծոսկրին մոտ գտնվող կողերի չորս կոտրվածք, ինչպես նաև աջ ազդրոսկրի ախտաբանական փոփոխություններ և գանգի երկու կողմերում ծակոտկեն ախտահարումներ։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս վնասվածքների բնույթը վկայում է ուժեղ և կրկնվող արտաքին ծանրաբեռնվածության ազդեցության մասին և վատ է համընկնում պատահական ընկնելու վարկածի հետ։

Վարշավայի համալսարանի բիոհնագետ Ալեքսանդրա Գժեգորսկան պարզաբանել է, որ այսքան փոքր երեխաների մոտ կողերի կոտրվածքները չափազանց հազվադեպ են հանդիպում և ժամանակակից բժշկության մեջ համարվում են ֆիզիկական բռնության առավել բնորոշ նշաններից մեկը։

Հետազոտողները հերթով բացառել են վնասվածքների այլ հնարավոր պատճառները՝ ներառյալ ռախիտը, լնդախտը, ծննդաբերական վնասվածքները և ծանր հիվանդությունների, օրինակ՝ տուբերկուլոզի, դեպքում ուժեղ հազը։

Քիչ հավանական են համարվել նաև վիտամինների պակասները, քանի որ Տիգրիսի և Եփրատի միջև գտնվող բերրի հողերը բնակչությանը ապահովում էին բավարար քանակությամբ թարմ սննդով և արևի լույսով։

Իրենց վարկածը ստուգելու համար մասնագետները մանկան աճյունը համեմատել են նույն նեկրոպոլիսից այլ մանկական թաղումների հետ։ Մյուս երեխաներից ոչ մեկի մոտ, որոնց կողերը բավարար չափով պահպանվել էին վերլուծության համար, նման կոտրվածքներ չեն հայտնաբերվել, ինչը այս դեպքը դարձնում է բացառիկ։

Հեղինակները նախընտրում են օգտագործել «երեխայի խնամքն իրականացնող անձի կողմից գործադրված բռնություն» ձևակերպումը, քանի որ հնագիտական տվյալները թույլ չեն տալիս պարզել, թե կոնկրետ ով է հասցրել վնասվածքները և արդյոք դրանք դիտավորյալ են եղել։

Միևնույն ժամանակ մասամբ սերտաճած կոտրվածքները ցույց են տալիս, որ երեխան վնասվածքները ստանալուց հետո դեռ որոշ ժամանակ ապրել է, ինչը նշանակում է, որ դրանք մահվան անմիջական պատճառ չեն դարձել։

Գիտնականները նաև ենթադրում են, որ այդ ժամանակաշրջանում Թել-Բրակի արագ ուրբանիզացիան կարող էր ուժեղացնել սոցիալական լարվածությունը, թուլացնել ընդլայնված ընտանիքի ավանդական աջակցությունը և դրանով անուղղակիորեն նպաստել բռնության աճին։

Մինչ օրս հնագետներին հայտնի են երեխաների նկատմամբ հին դաժան վերաբերմունքի ընդամենը մի քանի նման դեպքեր. ավելի վաղ նման գտածոներ արվել էին Եգիպտոսում, Ֆրանսիայում և Լիտվայում։

Source: https://news.am/hy/news/1048536