Հնագետները գերմանական Պադերբորն քաղաքում անսովոր գտածո են հայտնաբերել․ միջնադարյան զուգարանների պեղումների ընթացքում հայտնաբերվել են XIII–XIV դարերի հարուստ քաղաքաբնակների կենցաղային իրեր, որոնք հրաշալի պահպանվել էին, այդ թվում՝ լատիներեն գրառումներով հազվագյուտ մոմե նոթատետր, կաշվե պատյան և նույնիսկ մետաքսե գործվածքի մնացորդներ, որը, հնարավոր է, օգտագործվել է որպես զուգարանաթուղթ, գրել է Popular Mechanics-ը։
Հինգ միջնադարյան պետքարան հայտնաբերվել է Աբդինգհոֆ վանքի հարևանությամբ, նոր վարչական շենքի շինարարության ժամանակ։ Չնայած մոտ 800-ամյա տարիքին՝ գտածոներն այնքան լավ են պահպանվել, որ, ըստ վերականգնողների, փոսերի պարունակությունից մինչև հիմա էլ բնորոշ տհաճ հոտ է գալիս։
Գլխավոր սենսացիան XIII–XIV դարերի նշումների փոքրիկ մոմե գրքույկն էր։ Այն բաղկացած էր տասը էջից՝ մոտավորապես 8,5 x 5,5 սանտիմետր չափերով փայտե շրջանակի մեջ, և գտնվում էր դեկորատիվ կաշվե պատյանում։ Էջերի վրայի մոմը թույլ էր տալիս մետաղական կամ ոսկրե ստիլուսով գրել, ապա ջնջել գրառումները՝ կրկին օգտագործելու համար։
Տեքստը գրված էր արագագիր լատիներենով, ընդ որում՝ գրառումները կատարված էին տարբեր ուղղություններով և երբեմն էլ ծածկում էին միմյանց, ինչը զգալիորեն բարդացնում է վերծանումը։ Հետազոտողները հույս ունեն, որ ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն ամբողջությամբ վերականգնել բովանդակությունը։
Հնագետները ենթադրում են, որ գրքույկի սեփականատերը կարող էր լինել Պադերբորնի հարուստ վաճառական, որը վարում էր գործնական գրառումներ և նշումներ։ Բարձր սոցիալական կարգավիճակի մասին վկայում են մի քանի մանրամասներ՝ լատիներենի օգտագործումը, շուշանների դաջվածքով հազվագյուտ դեկորատիվ կաշվե պատյանը, ինչպես նաև նույն զուգարանում հայտնաբերված թանկարժեք մետաքսե գործվածքի մնացորդները։
Հետազոտողներին հատկապես զարմացրել է գործվածքի վիճակը։ Որոշ կտորներ կտրված էին որպես կոկիկ ուղղանկյուն լաթեր։ Գիտնականները չեն բացառում, որ մաշվելուց հետո թանկարժեք մետաքսը կարող էին օգտագործել որպես զուգարանաթուղթ։
Գրքույկից և գործվածքից բացի՝ զուգարաններում հայտնաբերվել են տակառներ, կերամիկա, հյուսած զամբյուղներ և դանակներ։ Այս բոլոր առարկաներն օգնում են վերակառուցել միջնադարյան Վեստֆալիայի հարուստ քաղաքային խավի առօրյա կյանքը։
Հնագետները նշել են, որ գիտության համար հին զուգարանները հաճախ իսկական «ժամանակի պարկուճներ» են. խոնավ և թթվածնով աղքատ միջավայրը հրաշալի պահպանում է օրգանական նյութերը, որոնք սովորաբար արագ քայքայվում են։
Source: https://news.am/hy/news/1039390
World
Հնագետները 800-ամյա զուգարանում գտել են շքեղ գրքույկ և մետաքսե «զուգարանաթուղթ»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։