Հնագետները պարզել են, որ միջնադարյան Շվեդիայում մեծահասակներին և երեխաներին հաճախ թաղել են նույն գերեզմանում, սակայն դեպքերի մեծ մասում նրանք մերձավոր ազգականներ չեն եղել։ Այս եզրակացությանն են եկել գիտնականներըլ՝ վերլուծելով X-XIV դարերում ապրած 142 մարդու հին ԴՆԹ-ն, գրել է Live Science-ը։
Հետազոտողներն ուսումնասիրել են երեք քրիստոնեական գերեզմանատներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավաքական գերեզմանատեղիներին, որտեղ ամփոփված էր երկու և ավելի մարդ։ Երկար ժամանակ համարվում էր, որ նման գերեզմանները միավորել են նույն ընտանիքի անդամներին, օրինակ՝ ծնողներին և երեխաներին։ Սակայն գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ այս ենթադրությունը շատ դեպքերում չի հաստատվում։
Պարզվել է, որ համատեղ գերեզմանատեղիները սովորաբար ներառել են նույն սեռի մեծահասակի և երեխայի՝ տղամարդու՝ տղայի հետ կամ կնոջ՝ աղջկա հետ, սակայն նրանց միջև հազվադեպ է հայտնաբերվել մոտ կենսաբանական ազգակցություն։
Հեղինակների կարծիքով՝ նման առանձնահատկությունները կարող էին կապված լինել վաղ քրիստոնեական ավանդույթների հետ։ Միջնադարում օհնյալ հողում թույլատրվում էր թաղել միայն մկրտված մարդկանց։ Ծնվելուց կարճ ժամանակ անց մահացած չմկրտված նորածինները ձևականորեն իրավունք չունեին թաղվելու եկեղեցական գերեզմանատանը։ Հետազոտողները ենթադրում են, որ նրանց կարող էին թաղել մեծահասակների հետ միասին՝ այս կրոնական սահմանափակումը շրջանցելու համար։
Մեկ այլ հնարավոր բացատրություն կապված է կլիմայի հետ։ Եթե մարդիկ մահանում էին ձմռանը, երբ սառած հողը թույլ չէր տալիս հուղարկավորություն իրականացնել, նրանց կարող էին ժամանակավորապես պահել, ապա գարնանը միասին թաղել մեկ գերեզմանում։
Միևնույն ժամանակ, հետազոտությունը ցույց է տվել, որ ազգակցական կապերը, այնուամենայնիվ, կարևոր դեր են խաղացել, թեև միշտ չէ, որ արտացոլվել են համատեղ թաղումներում։ Գերեզմանատներից մեկում գիտնականները հետևել են նույն ընտանիքի մի քանի սերունդների, որոնք թաղված էին տարբեր վայրերում։
Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել մի կին, որին պայմանականորեն անվանել են «Լեդի 56»։ Նրա գերեզմանում գտել են ծովային խեցի՝ սուրբ Հակոբոս առաքյալի իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում գտնվող շիրիմ ուխտագնացության խորհրդանիշը։ ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ նույն այդ գերեզմանատանը թաղված են եղել նաև նրա ծնողները, եղբայրը և դուստրերը, թեև նրանցից յուրաքանչյուրը հանգչում էր առանձին գերեզմանում։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ վաղ քրիստոնեական Սկանդինավիայում թաղման վայրը որոշվում էր ոչ միայն արյունակցական կապերով։ Տնային տնտեսությունների կազմի մեջ մտնում էին հեռավոր ազգականներ, ծառաներ, աշխատավորներ և կախյալ մարդիկ, իսկ տեղի քրիստոնեական համայնքին պատկանելը կարող էր պակաս կարևոր չլինել, քան ընտանեկան կապերը։
Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ միջնադարյան Եվրոպայում թաղման ավանդույթները շատ ավելի բարդ էին, քան համարվում էր մինչ այժմ, իսկ հին ԴՆԹ-ն առաջին անգամ հնարավորություն է տալիս ուղղակիորեն ստուգել հնագիտական վարկածները։
Source: https://news.am/hy/news/1049224