Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Չինաստանի ռազմական հզորացման և տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգներն իր ասիական դաշնակիցներից ակնկալում է պաշտպանական ծախսերի զգալի ավելացում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովի ժամանակ իր ունեցած ելույթում նա նշել է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նկատվում է «հիմնավորված մտահոգություն»՝ կապված Չինաստանի կողմից ռազմական պոտենցիալի մասշտաբային մեծացման հետ։

Հեգսեթի խոսքով՝ ոչ մի պետություն, այդ թվում՝ Չինաստանը, չպետք է ձգտի գերիշխանություն հաստատել տարածաշրջանում, քանի որ դա կխախտի ուժերի հավասարակշռությունը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պետք է գործեն համատեղ կարգով՝ հնարավոր ագրեսիան զսպելու համար։

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերներից ակնկալում է պաշտպանական ծախսերի բարձրացում մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը՝ միևնույն ժամանակ խոստանալով զգալի ներդրումներ կատարել ամերիկյան զինված ուժերում։

Նա նաև օգտագործել է պատկերավոր արտահայտություն՝ հայտարարելով. «Ավելի քիչ համաժողովներ, ավելի շատ նավեր ու սուզանավեր»՝ դրանով իսկ ընդգծելով ռազմական պոտենցիալի գործնական ամրապնդման անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները ներկայումս մնում են հարաբերականորեն կայուն, իսկ կողմերի միջև ռազմական կապի խողովակներն աշխատում են ավելի ակտիվ, քան նախկինում։

Source: https://news.am/hy/news/1039565