Գլազգոյի համալսարանում մշակվել է կրթական նոր տեխնոլոգիական հարթակ, որը կարող է էապես փոխել մոտեցումը դպրոցներում ուսուցիչների մասնագիտական զարգացման և ուսուցման գնահատման հարցում, գրել է Phys.org-ը։
Deliberative Instructional Agents (DIA) անվանումն ստացած համակարգը օգտագործում է արհեստական բանականության տարրեր՝ մանկավարժական պրակտիկայի վերաբերյալ տվյալներն իրական ժամանակում ավտոմատ հավաքելու և վերլուծելու համար։ Սա ուսուցիչներին թույլ է տալիս մասնագիտական որոշումներ կայացնել անմիջապես դասավանդման ընթացքում, այլ ոչ թե պոստֆակտում, ինչպես հաճախ լինում է այժմ։
Մշակողների խոսքով՝ հարթակի հիմնական գաղափարն այն է, որ մասնագիտական ուսուցումը դառնա շարունակական և ներառված լինի դպրոցական առօրյա պրակտիկայում։ Այժմ ուսուցիչները հաճախ բախվում են տվյալների վերլուծության և մասնագիտական զարգացման համար ժամանակի պակասի խնդրին՝ մեծ ծանրաբեռնվածության և վարչական պարտականությունների պատճառով։
Հետազոտողները նշել են, որ կրթության որակն ուղղակիորեն կախված է մանկավարժների որակավորման շարունակական բարձրացումից, ինչը նաև ազդում է նրանց աշխատանքից բավարարվածության և մասնագիտության մեջ մնալու վրա։
Նախագծի հեղինակներից մեկը՝ Գլազգոյի համալսարանի դոկտոր Թոմաս Քոուիթը, նշել է, որ ուսուցիչները հաճախ հենվում են փորձի և ինտուիցիայի վրա, քանի որ կրթական տվյալների և հետազոտությունների հասանելիությունը սահմանափակվում է ժամանակով և դրանց կիրառման բարդությամբ։ Արդյունքում, նրա խոսքով, ուսուցման գործընթացում կարևոր «կրիտիկական պահերը» կարող են բաց թողնվել։
DIA-ները կոչված են օգնելու մանկավարժներին վերլուծել նման պահերը՝ կառուցվածքային ռեֆլեքսիայի և այլընտրանքային մանկավարժական որոշումների մոդելավորման միջոցով։ Սա թույլ է տալիս դիտարկել գործողությունների տարբերակները կոնկրետ ուսումնական իրավիճակներում։
Գլազգոյի ակադեմիայի նախագծի ղեկավար, դոկտոր Մեթ Գիբսոնն ընդգծել է, որ մշակման առանձնահատկությունն այն է, որ նախաձեռնվել է հենց մանկավարժների, այլ ոչ թե բացառապես տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է լուծել կրթական պրակտիկայի իրական խնդիրները, այլ ոչ թե ստեղծել կոմերցիոն արտադրանք։
Հետազոտողները DIA-ն դիտարկում են որպես մասնագիտական ուսուցման ձևավորվող տեխնոլոգիական ենթակառուցվածքի մաս, որը կարող է փոխել ուսուցիչների որակավորման բարձրացման եղանակներն ու պայմանները։
Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ նման համակարգերի արդյունավետությունը կախված կլինի ուսուցիչների ինքնավարության պահպանումից, տվյալների օգտագործման թափանցիկությունից և իրական դպրոցական պրակտիկայի բարդություններին տեխնոլոգիայի հարմարեցումից։
Ներկայում համակարգը փորձարկվում է Շոտլանդիայի և Անգլիայի դպրոցներում։ Հետագայում դիտարկվում է դրա ավելի լայն ներդրման հնարավորությունը Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս։
Source: https://news.am/hy/news/1039534
World
Հեղափոխություն դպրոցում. ԱԲ-ն սկսել է իրական ժամանակում հետևել ուսուցման գործընթացին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։