ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2026 թվականի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել շուրջ 46,7 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։ Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է վերակառուցել շուրջ 500 կմ օդային և գրեթե 100 կմ մալուխային գծեր, կառուցել 27 նոր բաշխման ենթակայան, մի շարք բարձր լարման ենթակայաններ և իրականացնել ցանցի լայնածավալ արդիականացում՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներով վերազինմամբ։
Նա նաև նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մեկնարկը հետաձգվում է․ հուլիսի երկրորդ կեսի փոխարեն հարցը Կառավարության նիստի օրակարգում կարող է ընդգրկվել ավելի ուշ։ Մինչև հանրային գերակա շահ ճանաչելը պետք է հանրային լսումներ կազմակերպվեն։ «Ենթադրում եմ՝ օգոստոսի առաջին կեսում կքննարկվի, գուցե նոր Կառավարության օրակարգային հարցերից մեկը լինի հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։
Այսօր ավարտվում է ՏԿԵ նախարարության կողմից e-draft համակարգում ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի քննարկումը, որը սկսվել էր հունիսի 22-ից։
Source: https://news.am/hy/news/1048720