Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնել է, որ հունիսի 11-ին մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության սկզբից ի վեր մարզադաշտերի և երկրպագուների գոտիների մոտ առգրավվել է ավելի քան 600 անօդաչու սարք, որոնք խախտել են օդային տարածքի օգտագործման սահմանափակումները, հայտնում է NBC News-ը։
Ընդ որում, երկու շաբաթից էլ քիչ ժամանակում ամբողջ երկրում առգրավված սարքերի ընդհանուր թիվը գրեթե կրկնապատկվել է։
ՀԴԲ-ն դաշնային, նահանգային և տեղական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ մրցաշարի արենաների և զանգվածային միջոցառումների անցկացման հարակից գոտիների օդային տարածքի շուրջօրյա վերահսկում է իրականացնում։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ թռիչքների սահմանափակումները սահմանում է ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA), իսկ անօդաչու սարքերի սեփականատերերը պարտավոր են նախապես ստուգել՝ արդյոք տվյալ գոտում թռիչքները թույլատրված են։ Շատ դեպքերում խախտողներին տուգանում են, իսկ անօդաչու սարքերը՝ առգրավում։
Այսպես, Կանզաս Սիթիում աշխարհի առաջնության օբյեկտների մոտ արդեն առգրավել են 32 անօդաչու սարք։
Հունիսի կեսերին դաշնային իշխանությունները մեղադրանք են առաջադրել նաև Հոնդուրասի 33-ամյա քաղաքացի Լուիս Մաուրիսիո Ֆլորես Օրդոնյեսին, որին կասկածում են Դալլասում AT&T Stadium մարզադաշտի մոտ հանդիպման ժամանակ չգրանցված DJI Mini 3 Pro անօդաչու սարք գործարկելու մեջ։ Քննության տվյալներով, սարքը գտնվել է թռիչքների ժամանակավոր արգելքի գոտում։
Ինչպես նշում են ՀԴԲ-ում, անօդաչու սարքը հայտնաբերվել է վերահսկման հատուկ միջոցներով, որից հետո արդեն մի քանի վայրկյան անց օպերատիվ խմբի աշխատակիցները պարզել են օպերատորի գտնվելու վայրը և ձերբակալել նրան։ Ներկայումս Ֆլորես Օրդոնյեսը մնում է կալանքի տակ՝ դատավարությանը սպասելով։
Իշխանությունները հիշեցնում են, որ աշխարհի առաջնության հանդիպումներ ընդունող մարզադաշտերի շուրջ անօդաչու սարքերի համար սահմանվում է ժամանակավոր ոչ թռիչքային գոտի․ այն սկսում է գործել խաղի մեկնարկից երեք ժամ առաջ և պահպանվում է դրա ավարտից հետո ևս երեք ժամ։ Այս սահմանափակումների խախտումը կարող է առաջացնել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն։
Source: https://news.am/hy/news/1047895