ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զինակից, ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը կգլխավորի գերատեսչության պատվիրակությունը Ռուսաստան կատարվելիք այցի ընթացքում։ Նա կդառնա ՀԴԲ-ի առաջին ղեկավարը, ով կայցելի ՌԴ՝ 2013 թվականին Ռոբերտ Մյուլերի Մոսկվա կատարած այցից հետո (որը տեղի ունեցավ Կրեմլի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացումից ընդամենը ամիսներ առաջ)։

Սա կլինի «արտասովոր և զգայուն» ուղևորություն, որին Ռուսաստանում ուշադրությամբ հետևելու են։ Ամերիկյան կողմին Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, հյուրընկալելու են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։ Այցը նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը։

Դեռևս պարզ չէ՝ արդյոք Պատելը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Անցյալ տարի Պատելը հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ Պարզվել էր, որ նա 25 հազար դոլար է ստացել 2024 թվականի փաստագրական ֆիլմում նկարահանվելու համար, որը պատմում է Թրամփի դեմ ենթադրյալ դավադրության մասին։ Ֆիլմի ռեժիսորը ԱՄՆ-ի և ՌԴ-ի երկքաղաքացի է, ով նախկինում ֆինանսավորում է ստացել Մոսկվայի հետ կապված հիմնադրամից։ «Նախագահի ամբողջ թիկնազորը. Դավադրություն Թրամփի դեմ» խորագրով այս ֆիլմում Պատելն, ըստ սցենարի, ասում է, թե երազում է փակել ՀԴԲ կենտրոնակայանը և այն վերածել «խորքային պետության թանգարանի»։

Բացի այդ, 2022 թվականին Պատելը հրատարակել էր «Դավադրություն թագավորի դեմ» մանկական գիրքը, որտեղ ծաղրում էր Թրամփի առաջին նախընտրական արշավի և Կրեմլի միջև ենթադրյալ գաղտնի համաձայնության վերաբերյալ հետաքննությունը։ Գրքի վերջում նա, հանդես գալով կախարդի կերպարում, հայտարարում է, որ «Դոնալդ թագավորն» անմեղ է։

Source: https://news.am/hy/news/1051097