Հայաստանում անհրաժեշտ է վերանայել Հարկային օրենսգրքի այն դրույթները, որոնք կարգավորում են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակումը։ Այս մասին մայիսի 19-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Նրա խոսքով՝ փոփոխությունների նախագիծը մշակվել է ՊԵԿ-ի կողմից և միտված է հայկական օրենսդրությունը հարկային թափանցիկության միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Հայաստանը 2025 թվականի սեպտեմբերին առաջին անգամ իրականացրել է նման տեղեկությունների ավտոմատ փոխանակում։ Փորձը ցույց է տվել, որ գործող նորմերը ճշգրտման և կիրառման ավելի հստակ մեխանիզմների կարիք ունեն։ «Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նոր շարադրանքով ներկայացնել Հարկային օրենսգրքի այն գլուխը, որը վերաբերում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տվյալների ավտոմատ փոխանակմանը։ Դրանում հստակեցվում են հիմնական հասկացությունները՝ ինչն է համարվում հաշվետու հաշիվ, ով է ճանաչվում հաշվետու ֆինանսական կազմակերպություն, որ պետություններն են մասնակցում տեղեկատվության փոխանակմանը, և որ հաշիվները կարող են ազատվել հաշվետվությունից», - հայտնել է Գևորգյանը։

Ամենակարևոր փոփոխություններից մեկը հարկային մարմնին փոխանցվող վերահսկողական գործառույթներն են։ Ներկայում վերահսկողության և պատժամիջոցների կիրառման զգալի մասը կապված է Կենտրոնական բանկի հետ, սակայն նախագծի հեղինակները կարծում են, որ քանի որ ֆինանսական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային նպատակներով, վերահսկողությունը ավելի տրամաբանական կլինի կենտրոնացնել հենց հարկային համակարգում։ Դրա համար առաջարկվում է առանձին թեմատիկ ստուգումներ ներդնել՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության և ամբողջականության մասով։

Բացի այդ, առաջարկվում է վերանայել հաշվետվության գործող կարգը։ Ֆինանսական կազմակերպությունները պետք է յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 30-ը էլեկտրոնային եղանակով հարկային մարմնին ներկայացնեն նախորդ տարվա բոլոր հաշվետու հաշիվների վերաբերյալ տեղեկությունները։ Եթե նման հաշիվներ չեն հայտնաբերվել, անհրաժեշտ կլինի ներկայացնել զրոյական հաշվետվություն։ Պարզաբանման մեջ նշվում է, որ գործող ժամկետը՝ մայիսի 10-ը, առաջարկվում է երկարաձգել տվյալների ավելի որակյալ պատրաստման համար։

Օրինագիծը նաև առաջարկում է ներդնել պատասխանատվության ավելի մանրամասն համակարգ։ Մասնավորապես՝

Պատշաճ ստուգման կամ հիմնավորող փաստաթղթերի պահպանման պարտավորությունները չկատարելու համար՝ տուգանք 1 միլիոն դրամի չափով՝ յուրաքանչյուր հաշվետիրոջ համար.

Սահմանված ժամկետում տեղեկություններ չներկայացնելու համար՝ տուգանք 500 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր չփոխանցված տեղեկատվության համար։ Ընդ որում, եթե տուգանքի նշանակումից հետո՝ 30 օրվա ընթացքում, խախտումը չի վերացվում՝ 1 միլիոն դրամ.

Տվյալները ուշացումով փոխանցելու համար՝ 250 հազար դրամի չափով տուգանք.

Կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար՝ 1 միլիոն դրամի չափով տուգանք․

Հաշվետերերի և վերահսկող անձանց համար, եթե նրանք չեն ներկայացնում ինքնակայացման պարտադիր հայտարարագիր կամ ներկայացնում են ոչ արժանահավատ տվյալներ՝ տուգանք 500 հազար դրամի չափով։

Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ տուգանքները կարող են նաև ընդհանրապես չկիրառվել։ Ճիշտ է, միայն այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպությունը մինչև վարույթի ավարտն ինքնուրույն վերացրել է խախտումը, կամ եթե այն տեխնիկական բնույթ է կրել։ Մինչև պատժամիջոցի նշանակումը հարկային մարմինը պետք է նաև հարցում անի Կենտրոնական բանկին՝ պարզելու համար, թե արդյոք տուգանքը չի հանգեցնի կազմակերպության ծանր ֆինանսական դրությանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում են գործող կարգավորման մի քանի խնդիրներ։ Մասնավորապես, հեղինակները միջազգային ստանդարտին անհամապատասխան են համարում այն կանոնը, որի համաձայն՝ նախկինում բացված հաշիվը հաշվետու է դառնում միայն 250 հազար դոլարին համարժեք շեմը գերազանցելու դեպքում։ Բացի այդ, պրակտիկայում դժվարություններ է առաջացնում նաև տեղեկատվության փոխանակման համար հաճախորդի գրավոր համաձայնությունը ստանալու պահանջը (հատկապես՝ ոչ ռեզիդենտների դեպքում)։

Մեկ այլ խնդիր էլ կապված է հենց հաշվետերերի և վերահսկող անձանց պատասխանատվության բավարար մեխանիզմների բացակայության հետ, եթե նրանք ֆինանսական կազմակերպություններին ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ են տրամադրում։ Նախագծով առաջարկվում է լրացնել այս բացը։

Առաջարկվում է ֆինանսական կազմակերպություններին պարտավորեցնել ֆինանսական հաշիվների հետ կապված փաստաթղթերն ու էլեկտրոնային տեղեկատվությունը պահպանել առնվազն հինգ տարի։

Օրենքի ընդունման դեպքում դրա դրույթների մեծ մասն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը։ Տուգանքների վերաբերյալ նորմերը առաջարկվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։

Մշակողները կարծում են, որ փոփոխությունները թույլ կտան ապահովել ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ավելի թափանցիկ և կանխատեսելի աշխատանքը, կամրապնդեն Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարումը և կբարձրացնեն հարկային վարչարարության արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ պետական բյուջեի ծախսերի էական աճ կամ եկամուտների նվազում չի ակնկալվում։

Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ տուգանքների և ավելի արդյունավետ կարգավորման շնորհիվ հնարավոր է բյուջետային մուտքերի աճ։

Որոշ քննարկումներից հետո տվյալ օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Source: https://news.am/hy/news/1036641