Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Չինաստանը զարգացնում են իրենց ստորջրյա ուժերը՝ ելնելով միանգամայն տարբեր մեկնարկային պայմաններից։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ունեն աշխարհում ամենահարուստ փորձն ունեցող ատոմային ստորջրյա նավատորմը, որի թիկունքում տասնամյակների մարտական հերթապահություն է, նավաշինության զարգացած դպրոց և բարձր որակավորում ունեցող անձնակազմեր։

Չինաստանը, ընդհակառակը, դեռևս ձգտում է կրճատել տարիների ընթացքում կուտակված հետ մնալը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ցածր աղմկոտությունը, ուժային կայանքները, հիդրոակուստիկ համակարգերը և ստորջրյա պատերազմ վարելու գործնական փորձը, գրում է Naked Science-ը։

Ընդ որում, համեմատություն կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել սուզանավերի տեսակների միջև առկա կարևոր տարբերությունը։ Ռազմավարական հրթիռակիրները նախատեսված են նախևառաջ միջուկային զսպման համար, մինչդեռ բազմաթիրախային ատոմային սուզանավերը որսում են հակառակորդի նավերն ու սուզանավերը, իրականացնում հետախուզություն, ապահովում հատուկ նշանակության ուժերի գործողությունները և հարվածներ հասցնում ցամաքային օբյեկտներին։

Այդ պատճառով առավել պատկերավոր է ամերիկյան Virginia Block V-ի և չինական Type 093B (Shang)-ի համեմատությունը, որը Չինաստանի ամենաժամանակակից բազմաթիրախային ատոմային սուզանավն է, և որի բնութագրերն այսօր հայտնի են բավականաչափ հավաստիությամբ։

Virginia Block V (ԱՄՆ). տեխնոլոգիական կատարելություն և հզոր զինանոց

Virginia դասի սուզանավերը դարձել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ժամանակակից բազմաթիրախային ուժերի հիմքը 2004 թվականին առաջին նավի շահագործման հանձնումից ի վեր։ Դրանք ստեղծվել են որպես ունիվերսալ հարթակ, որն ընդունակ է կատարել խնդիրների լայն շրջանակ՝ պայքար հակառակորդի սուզանավերի դեմ, վերջրյա նավերի ոչնչացում, հետախուզություն, հարվածներ ցամաքային թիրախներին և աջակցություն հատուկ նշանակության ստորաբաժանումներին։

Block V ձևափոխությունը դարձավ այս նախագծի զարգացման ամենածավալուն փուլը։ Նոր տարբերակի գլխավոր առանձնահատկությունը դարձել է Virginia Payload Module (VPM) մոդուլը՝ մեծ տրամագծով չորս արձակման կայանքներով կորպուսի լրացուցիչ բաժինը։ Դրանցից յուրաքանչյուրը տեղավորում է յոթական Tomahawk թևավոր հրթիռ, ինչը սուզանավի մարտական լրակազմն ավելացնում է ևս 28 հրթիռով։ Նոր մոդուլի տեղադրումն ավելացրել է սուզանավի երկարությունը մոտավորապես 115-ից հասցնելով 140 մետրի, իսկ ստորջրյա ջրատարողությունը աճել է մինչև շուրջ 10 հազար 200 տոննա։

Լրացուցիչ ներքին տարածությունը նախատեսված է նաև հեռանկարային սպառազինության նմուշների, անօդաչու ստորջրյա սարքերի և հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված սարքավորումների տեղակայման համար։ Դրա շնորհիվ Block V-ն օժտված է զգալիորեն ավելի մեծ ճկունությամբ և կարող է ավելի հեշտությամբ հարմարվել ժամանակակից ստորջրյա պատերազմի փոփոխվող պահանջներին։ Սակայն Virginia-ի գլխավոր առավելությունն ամենևին էլ մեծացված հրթիռային զինանոցը չէ։

Ամերիկյան սուզանավերը դարձել են ատոմային ռեակտորների աղմկոտության նվազեցման, մեխանիզմների թրթռամեկուսացման, հիդրոակուստիկ համակարգերի կատարելագործման, հիմնակմախքի հատուկ ձայնակլանիչ պատվածքների և ժամանակակից շարժիչ համակարգերի տեխնոլոգիաների մեջ բազմամյա ներդրումների արդյունք։ Չնայած ակուստիկ տեսանելիության հստակ ցուցանիշները մնում են գաղտնիացված, մասնագետները միակարծիք են, որ Virginia-ն երբևէ կառուցված ամենաքիչ աղմկող բազմաթիրախային ատոմային սուզանավերից մեկն է։

Ստորջրյա պատերազմում այս առավելությունն ունի վճռորոշ նշանակություն. աննկատ մնալով հակառակորդին առաջինը հայտնաբերելու հնարավորությունը հաճախ կանխորոշում է մարտի ելքը։

Type 093B (Չինաստան). տեխնոլոգիական թռիչք և հարվածային հզորություն

Type 093 ատոմային սուզանավերի ընտանիքը դարձավ իր բազմաթիրախային ատոմային սուզանավերի արդիականացման ուղղությամբ Չինաստանի բազմամյա ջանքերի արդյունքը։

Type 093-ի առաջին տարբերակները և կատարելագործված Type 093A-ն արդեն իսկ զգալիորեն բարձրացրել էին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի հնարավորությունները՝ նախորդ նախագծերի համեմատ։

Նորագույն Type 093B ձևափոխությունը կատարում է հաջորդ քայլը առաջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հրթիռային սպառազինության ուժեղացմանը և վերջրյա նավերի դեմ պայքարին։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դասակարգում է Type 093B-ն որպես կառավարվող հրթիռային սպառազինությամբ բազմաթիրախային ատոմային սուզանավ։ Ըստ եղած տվյալների՝ 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Չինաստանը ջուրն է բարձրացրել առնվազն երկու այդպիսի սուզանավ։

Ենթադրվում է, որ սուզանավը հագեցած է թևավոր հրթիռների ուղղահայաց արձակման կայանքներով, ինչը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել ինչպես նավերին, այնպես էլ ցամաքային օբյեկտներին՝ մնալով ջրի տակ թաքնված։

Այնուամենայնիվ, Type 093B-ի մասին տեղեկության զգալի մասը դեռևս փակ է մնում։ Չինաստանը չի հրապարակել հավաստի տվյալներ սուզանավի մարտական լրակազմի, դրա հիդրոակուստիկ համակարգի բնութագրերի, ուժային կայանքի առանձնահատկությունների կամ աղմկոտության մակարդակի մասին։

Տվյալների մեծ մասը հիմնված է արբանյակային լուսանկարների վերլուծության, հետախուզական տեղեկությունների և չինական նախորդ նախագծերի հետ համեմատության վրա։ Հենց այդ պատճառով էլ Type 093B-ի իրական հնարավորությունները գնահատելը զգալիորեն ավելի դժվար է, քան ամերիկյան Virginia-ինը։

Ընդսմին, այս սուզանավն իրենից ներկայացնում է լուրջ տեխնոլոգիական թռիչք չինական նավատորմի համար։ Այն զգալիորեն ընդլայնում է Չինաստանի ռազմածովային ուժերի հնարավորությունները ավիակիր հարվածային խմբերի ուղեկցման, վերջրյա նավերի դեմ պայքարի, մեծ հեռահարության թևավոր հրթիռներով հարվածներ հասցնելու և երկրի ափամերձ ջրերից հեռու գործողություններ վարելու հարցում։

Source: https://news.am/hy/news/1049995