Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Նովոռոսիյսկի շրջանում Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿՏԿ) օբյեկտների վրա հարձակումը սպառնալիք է ստեղծել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքի համար և առնչվել է օտարերկրյա ընկերությունների շահերին, այդ թվում՝ ղազախական նավթի մատակարարման մասնակիցներին։
Զախարովայի խոսքով՝ հուլիսի 30-ի գիշերը հարվածներ են հասցվել նավթային տանկերներին, որոնք գտնվել են ԿՏԿ-ի ծովային տերմինալի շրջանում։
Նա ընդգծել է, որ խոսքը օտար դրոշների ներքո ընթացող, միջազգային անձնակազմերով նավերի մասին է, իսկ բեռնառաքիչների թվում եղել է «Թենգիզշևրոյլ» ընկերությունը, որի բաժնետերերից է ամերիկյան Chevron կորպորացիան։
«Նպատակային հարվածներ են հասցվել օտար դրոշների ներքո ընթացող, նավի վրա միջազգային անձնակազմերով և արտասահմանյան մատակարարների կողմից ֆրախտավորված նավերին», — հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով հրդեհներ են առաջացել, որոնք օպերատիվ կերպով մարվել են, նավթի արտահոսք չի արձանագրվել, անձնակազմերի անդամների շրջանում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ ԿՏԿ-ի տերմինալի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Զախարովան հայտարարել է, որ ԿՏԿ-ի ենթակառուցվածքի վրա հարձակումները առնչվում են ոչ միայն Ռուսաստանին, այլև էներգետիկ մատակարարումներին մասնակցող արտասահմանյան գործընկերներին։
«Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ սպառնալիքի տակ են հայտնվում այն երկրների տնտեսական շահերը, որոնց Կիևը կոչում է իր գործընկերներ», — ասել է նա՝ առանձին հիշատակելով Ղազախստանն ու ԱՄՆ-ը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ ԿՏԿ-ն Ղազախստանից համաշխարհային շուկաներ նավթի արտահանման հիմնական ուղիներից մեկն է, իսկ նախագծում ամերիկյան Chevron-ի մասնակցությունը իրավիճակը զգայուն է դարձնում նաև ամերիկյան բիզնեսի համար։
Զախարովան նաև հայտարարել է, որ Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է միջազգային էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների ռիսկերի մասին։
«Խոսքը միջազգային վառելիքաէներգետիկ շղթաների կայունությանը սպառնացող վտանգների մասին է», — նշել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Կիևի գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության ընդլայնման և դրա մեջ նոր մասնակիցների ներգրավման։
«Միջազգային նշանակություն ունեցող օբյեկտների վրա հարվածներ հասցնելու փորձերը ստեղծում են անվերահսկելի էսկալացիայի ռիսկեր», — հայտարարել է Զախարովան։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին, ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին գնահատական տալ տեղի ունեցածին և օգտագործել իրենց ազդեցությունը հետագա հարձակումները կանխելու համար։
Source: https://news.am/hy/news/1052565