Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել իր դեմ հարուցված ութ քրեական գործերից մեկով, հաղորդում է «Yonhap» գործակալությունը։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը նախկին նախագահին մեղավոր է ճանաչել քաղաքական արշավների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու մեջ։ Դատարանի վարկածով՝ մասնագիտացված սոցիոլոգիական բյուրոն 2022 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Յուն Սոկ Յոլի և նրա տիկնոջ օգտին իրականացրել է շուրջ 190 հազար դոլար արժողությամբ հասարակական կարծիքի անվճար հարցումներ։

Քննությունը պնդել է, որ սոցիոլոգիական բյուրոյի ղեկավար Մյոն Թհե Գյունն ակնկալել է փոխադարձ ծառայություններ ստանալ ցուցաբերած աջակցության դիմաց։

Նույն դատարանի որոշմամբ՝ Մյոն Թհե Գյունը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման։

Միևնույն ժամանակ, նախկին նախագահի տիկինը՝ Քիմ Գոն Հին, ավելի վաղ առաջին և երկրորդ ատյանի դատարաններում արդարացվել էր քաղաքական արշավների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու համանման մեղադրանքով։ Յուն Սոկ Յոլի փաստաբանները մատնանշել են այս հանգամանքը և հայտարարել դատարանի վճիռը բողոքարկելու մտադրության մասին։

Ավելի վաղ՝ փետրվարին, առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ սահմանադրական կարգի դեմ խռովություն կազմակերպելու գործով։ Կորեայի Հանրապետության քրեական օրենսդրության համաձայն՝ այս հանցագործության համար նախատեսված է պատժի երկու տեսակ՝ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ։

Source: https://news.am/hy/news/1049476