Հարավային Կորեայի իշխանություններն առաջին անգամ արտակարգ նախազգուշացում են հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով։ Վտանգի նոր մակարդակը երկրում ներդրվել է այս տարի և կիրառվում է այն դեպքերում, երբ կանխատեսվող զգացվող ջերմաստիճանը հասնում է +38-ի կամ փաստացի ջերմաստիճանը բարձրանում է մինչև +39, հաղորդում է Yonhap-ը։
Առաջին արտակարգ նախազգուշացումը հայտարարվել է Կյոնսան և Պոհան քաղաքների համար՝ Կյոնսան-Պուկտո նահանգում, որտեղ հանգստյան օրերին ջերմաստիճանը հասել է կրիտիկական ցուցանիշների։
Երկրի մեծ մասում, ներառյալ Սեուլի առանձին շրջանները, շարունակում են գործել սովորական շոգի նախազգուշացումները։ Դրանք հայտարարվում են, եթե զգացվող ջերմաստիճանը պահվում է 35°C և ավելի մակարդակում առնվազն երկու օր անընդմեջ։
Օդերևութաբանական ծառայության տվյալներով, վերջին հինգ տարում Հարավային Կորեայում շոգ օրերի միջին թիվն ավելի քան երկու անգամ աճել է 1970-ականների համեմատ՝ տարեկան 8-ից հասնելով 19 օրվա։ Զգալիորեն ավելացել է նաև, այսպես կոչված, տրոպիկական գիշերների թիվը, երբ օդի ջերմաստիճանը չի իջնում +25-ից ցածր, գրում է AFP-ն։
Գիտնականները շոգի ալիքների հաճախացումն ու ուժեղացումը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Այս տարվա լրացուցիչ գործոն է դարձել Էլ Նինյո երևույթի զարգացումը, որը հանգեցնում է Խաղաղ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացմանը և ուժեղացնում է ծայրահեղ եղանակային երևույթները ողջ աշխարհում։
Source: https://news.am/hy/news/1049380