Հարգարժան վարչապետի անցյալ տարվա հայտարարությունն Անկախության օրվա առթիվ, այն է, թե՝ «իրավունքով մեզ հասանելի ջուրը (Haq ka pani) պետք է ծառայի հնդիկ ֆերմերներին», նշանավորում է Հնդկաստանի մոտեցման վճռական փոփոխությունը Ինդոսի ջրերի հարցում: Սա ոչ թե շեղում է ընդհանուր կուրսից, այլ պատմական զսպվածության վաղուց սպասված սրբագրում: Այդ զսպվածությունը տասնամյակներ շարունակ անարդարացիորեն վնասել է Հնդկաստանին՝ միաժամանակ թույլ տալով ստորին հոսանքներում ջրային ռեսուրսների մշտական չարաշահում: Սա ազդակ է, որ Հնդկաստանն այլևս թույլ չի տա իր օրինական մասնաբաժինը հանդիսացող ջրի թերօգտագործումն ու վատնումը, քանի դեռ սեփական ֆերմերները բախվում են սակավության խնդրին:
Երբ 1960 թվականին ստորագրվեց Ինդոսի ջրերի պայմանագիրը, Հնդկաստանը՝ որպես վերին հոսանքի երկիր, գնաց աննախադեպ զիջման՝ համաձայնելով սահմանափակվել Ինդոսի համակարգի ջրերի ընդամենը 20%-ով, մինչդեռ առյուծի բաժինը՝ 80%-ը, հատկացվեց Պակիստանին: Այս որոշումն արտացոլում էր բացառիկ բարի կամք: Ակնկալվում էր, որ նման մեծահոգությանը կպատասխանեն պատասխանատու վարքագծով և համագործակցության ոգով: Սակայն տասնամյակների ընթացքում այդ փոխադարձությունը երբևէ չդրսևորվեց:
Հարգարժան վարչապետի հայտարարությունը պետք է դիտարկել նաև Պակիստանից բխող անդրսահմանային ահաբեկչության պարբերական դրսևորումների համատեքստում, ինչն էապես խաթարել է վստահությունը։ Վաղեմի իրողությունը, որն ամփոփված է «արյունն ու ջուրը միասին չեն կարող հոսել» արտահայտության մեջ, այլևս հռետորական չէ։ Պուլվամայի ահաբեկչությունը, ինչպես նաև հովտում, այդ թվում՝ Պահալգամի շրջանում տեղի ունեցած մյուս հարձակումները վերստին ընդգծել են, թե ինչպես է տևական թշնամանքը քայքայում այն հիմքերը, որոնց վրա հենվում են Պայմանագրի նման համագործակցության մեխանիզմները։ Որևէ համաձայնագիր, որքան էլ այն պրոֆեսիոնալ կազմված լինի, չի կարող զերծ մնալ վստահության լիակատար փլուզման հետևանքներից։
Կառուցվածքային մակարդակում Պայմանագիրն ինքնին պարունակում էր անհամաչափություններ, որոնք աստիճանաբար դարձան անընդունելի։ Այն զգալի սահմանափակումներ էր դնում Հնդկաստանի վրա՝ իրեն հատկացված ջրային ռեսուրսների օգտագործման հարցում, սակայն ոչ մի համապատասխան պարտավորություն չէր սահմանում Պակիստանի համար՝ հիմնավորելու իր պահանջները կամ ապահովելու ջրի արդյունավետ կիրառումը։ Սա արտացոլվում է համակարգային անարդյունավետության, ոռոգման համակարգերում ջրի հսկայական կորուստների (գնահատվում է շուրջ 47 միլիոն ակր-ֆուտ), ջրամբարների անբավարարության և ջրային ռեսուրսների վատ կառավարման մեջ, ինչի հետևանքով Ինդոսի ջրերի զգալի ծավալներ (մինչև 35 միլիոն ակր-ֆուտ) չօգտագործված հոսում են դեպի Արաբական ծով։
Մինչդեռ այս զսպվածության գինը վճարել է Հնդկաստանը։ Այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Ռաջաստանը և Հարյանան, շարունակում են ջրի սուր դեֆիցիտ ունենալ, իսկ նրանց գյուղատնտեսական ներուժը սահմանափակված է մնում՝ չնայած այն ջրի առկայությանը, որն օգտագործելու իրավունքը Հնդկաստանն ունի։ Այս հայտարարությունը նպատակ ունի շտկել հենց այս անհավասարակշռությունը։
Հետևաբար, «Haq ka pani»-ն (իրավունքով մեզ հասանելի ջուրը) վերաբերում է օրինական օգտագործմանը և ոչ թե ջրից զրկելուն։ Հնդկաստանը հաստատակամորեն պնդում է, որ Ինդոսի ջրային համակարգի յուրաքանչյուր կաթիլն այսուհետ արդյունավետորեն ծառայի ոռոգմանը, հիդրոէներգետիկային և երկրի զարգացմանը։
Արևմտյան գետերի վրա իրականացվող հնդկական նախագծերը, ներառյալ Բագլիհարը և Սալալը, վերհանում են առկա մարտահրավերի մեկ այլ կողմ։ Ժամանակի ընթացքում տիղմի նստվածքները նվազեցրել են դրանց արդյունավետությունն ու ջրամբարների տարողունակությունը։ Մաքրման աշխատանքները, որոնք անհրաժեշտ են ամբարտակների անվտանգության և կայուն աշխատանքի համար, տարիներով հետաձգվել են Պակիստանի կողմից հարուցված անհիմն առարկությունների և ընթացակարգային խոչընդոտների պատճառով։ Կուտակված նստվածքների հեռացման վերջնական անհրաժեշտությունը միայն վերահաստատեց նմանատիպ ձգձգումների բացասական հետևանքները։ Այսուհետ Հնդկաստանի մոտեցումն առաջնահերթություն է տալու ժամանակակից տեխնիկական լուծումների ժամանակին կիրառմանը՝ թույլ չտալով, որ դրանք պատանդ դառնան չարամիտ և չափազանցված քաղաքական ներկայացումներին, որոնք քողարկված են որպես տեխնիկական տարակարծություններ։
Ընդհանուր ուղերձը հստակ է. նախ՝ Հնդկաստանը լիարժեքորեն օգտագործելու է ջրի իր օրինական մասնաբաժինը ջրային սակավություն ունեցող տարածաշրջաններում: Երկրորդ՝ այն այլևս չի հանդուրժի մի համակարգ, որտեղ մի կողմում անպատիժ մնում են անարդյունավետությունն ու վատնումը, իսկ մյուս կողմում փորձ է արվում պարտադրել արհեստական և հակագիտական սահմանափակումներ: Երրորդ՝ Հնդկաստանը հաստատելու է իր տեխնիկական ինքնավարությունը՝ ապահովելով ենթակառուցվածքների ստեղծումն ու սպասարկումը՝ ժամանակակից գիտական մտքին և միջազգային լավագույն փորձին համապատասխան:
Սա ավանդական սկզբունքներից հրաժարում չէ, այլ արձագանք՝ Պայմանագրի հիմնասյուների քայքայմանը: Երբ հենց այն խոստումները, որոնք ընկած են պայմանագրի հիմքում, խախտվում են թշնամանքի, ահաբեկչության, ապատեղեկատվության և չարաշահումների պատճառով, մոտեցումների վերանայումը դառնում է անխուսափելի:
Տասնամյակներ շարունակ Հնդկաստանը համբերատարություն է ցուցաբերել՝ նույնիսկ սեփական զարգացման համար շոշափելի կորուստների գնով: Սակայն այդ դարաշրջանն այժմ տեղի է տալիս հստակության և հավասարակշռության նոր փուլին:
«Haq ka pani»-ն (իրավունքով մեզ հասանելի ջուրը) ուշացած, բայց հաստատակամ հանձնառություն է առ այն, որ Հնդկաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն իր ժողովրդին, իր ֆերմերներին և իր ապագային: Եվ քանի դեռ որոշ շահագրգիռ կողմեր փորձում են սա ներկայացնել որպես սպառնալիք, իրականում սա ոչ այլ ինչ է, քան փոփոխվող իրողություններին համապատասխանող անհրաժեշտ ուղղում:
Source: https://news.am/hy/news/1047377