Համաշխարհային օվկիանոսում արձանագրվել է գործիքային դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ հունիսը, հայտնում է AFP-ն։

Եվրոպական Copernicus Marine Service ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունիսին օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 20,98 աստիճան Ցելսիուսի՝ գերազանցելով 2023 և 2024 թվականներին գրանցված նախորդ ռեկորդները։

Ռեկորդային հունիսն ամփոփել է 2026 թվականի առաջին վեց ամիսները, որոնք նույնպես եղել են դիտարկումների ողջ պատմության ամենատաք շրջաններից մեկը։ Այս ժամանակահատվածում օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը կազմել է 20,04 աստիճան Ցելսիուս՝ միայն փոքր-ինչ զիջելով 2024 թվականի առաջին կեսի ռեկորդային ցուցանիշին։

Գիտնականները նշում են, որ օվկիանոսների մեծ մասը երկարատև ծովային ջերմային ալիքների ազդեցության տակ է եղել։

Copernicus Climate Change Service-ի տնօրեն Կառլո Բուոնտեմպոյի խոսքով՝ ներկայիս իրավիճակը կարող է նշանակել կլիմայական փոփոխությունների նոր փուլի սկիզբ։

«Ներկայիս պայմանները կարող են մատնանշել նոր փուլի սկիզբը, որը մեզ կրկին կտանի դեպի մինչ այժմ չուսումնասիրված տարածք», — հայտարարել է նա։ «Օվկիանոսի նման ջերմաստիճանի և Էլ Նինյոյի մոտենալու պայմաններում շատ հավանական է, որ առաջիկա ամիսներին կգրանցվեն ջերմաստիճանի նոր ռեկորդներ»։

Գիտնականները սպասում են, որ հզոր Էլ Նինյո երևույթի ձևավորումը 2026 թվականի երկրորդ կեսին և հաջորդ տարում կհանգեցնի օվկիանոսների և մթնոլորտի լրացուցիչ տաքացման։ Այս բնական կլիմայական երևույթը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում մակերևութային ջրերի անոմալ տաքացման հետ։

Այն փոխում է մթնոլորտի շրջանառությունը՝ ազդելով աշխարհի բազմաթիվ տարածաշրջանների եղանակի վրա, մեծացնելով Պերուում ավերիչ ջրհեղեղների, Աֆրիկայի որոշ շրջաններում երաշտների և Ավստրալիայում լայնածավալ անտառային հրդեհների վտանգը։

Copernicus Marine Service-ի առաջատար օվկիանոսագետ Սիմոն վան Գեննիպը նշել է, որ 2026 թվականը, հավանաբար, կդասվի դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ տարիների շարքին։ Նրա խոսքով՝ դրան նպաստում է ոչ միայն Էլ Նինյոն, այլև շարունակվող գլոբալ տաքացումը, որը պայմանավորված է ջերմոցային գազերի արտանետումներով։

Ծառայության տվյալներով՝ տարվա առաջին կեսին ծովային ջերմային ալիքներն ընդգրկել են համաշխարհային օվկիանոսի մակերևույթի մոտ 82 տոկոսը՝ սա 2024 թվականից հետո երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Նման անոմալիաները կարող են խախտել եղանակային գործընթացները, առաջացնել մարջանների զանգվածային գունազրկում և ծովային օրգանիզմների մահ։

Հատկապես ուժեղ տաքացում է դիտվել Միջերկրական ծովում, որտեղ հունիսին մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային 24,3 աստիճան Ցելսիուսի։ Տարվա առաջին վեց ամիսներին դրա ջրատարածքի գրեթե 98 տոկոսը ենթարկվել է ծովային ջերմային ալիքների։

Դիտարկումների ողջ պատմության ամենաշոգ հունիսը գրանցվել է նաև Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում, որտեղ մակերևույթի ջերմաստիճանը հասել է 27,26 աստիճան Ցելսիուսի։

Source: https://news.am/hy/news/1047044