Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որին Մեծ Բրիտանիայի իշխանությունները փնտրում են կնոջն ու երկու դստրերին սպանելու կասկածանքով։ Այս մասին հայտնել են ՀԱՀ ոստիկանությունից։

Կասկածյալը՝ ազգությամբ զիմբաբվեցի Մեծ Բրիտանիայի քաղաքացի Նդոդանա Մհանյիսի Չուման, ձերբակալվել է Յոհանեսբուրգի արվարձաններից մեկում՝ Քենսինգթոնում՝ Ինտերպոլի և հարավաֆրիկյան իրավապահ մարմինների համատեղ գործողության արդյունքում։

Բրիտանական քննության տվյալներով՝ Չուման կասկածվում է իր 42-ամյա կնոջ՝ Նոտաբո Զանդիլե Չումայի, ինչպես նաև նրանց դստրերի՝ 15-ամյա Նատալիի և 5-ամյա Նալայի սպանության մեջ։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Լոնդոնից հյուսիս գտնվող Բեդֆորդ քաղաքի մոտակայքում՝ ընտանիքի տանը։

ՀԱՀ ոստիկանության ազգային կոմիսարի պաշտոնակատար Պուլենգ Դիմպանեն հայտարարել է, որ այս ձերբակալությունը հանցագործների որոնման գործում միջազգային արդյունավետ համագործակցության վառ օրինակ է։

«Այս ձերբակալությունն ապացուցում է, որ Հարավային Աֆրիկան անվտանգ ապաստարան չէ փախուստի մեջ գտնվողների համար։ Յուրաքանչյուր ոք, ով հույս ունի խուսափել արդարադատությունից՝ թաքնվելով մեր երկրում, պետք է իմանա, որ ՀԱՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցելու է միջազգային գործընկերների հետ՝ նրան հայտնաբերելու և ձերբակալելու համար», — ընդգծել է նա։

Ոստիկանությունից հայտնել են, որ այժմ կմեկնարկի արտահանձնման գործընթացը՝ ՀԱՀ-ի և Մեծ Բրիտանիայի միջև գործող համաձայնագրի համաձայն։ Մինչ բրիտանական իշխանություններին հանձնվելը, կասկածյալը պետք է կանգնի հարավաֆրիկյան դատարանի առաջ։ Առաջին դատական նիստը նշանակված է երկուշաբթի օրը։

Source: https://news.am/hy/news/1049269