Գիտնականները հայտնաբերել են ժանտախտի ամենավաղ հայտնի հետքերը, որոնք թվագրվում են մոտ 5 500 տարի առաջ, ինչը մոտ 200 տարով ավելի վաղ է, քան նախկինում համարվում էր։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Հետազոտությունն իրականացրել է գիտնականների միջազգային խումբը՝ Կոպենհագենի համալսարանի էվոլյուցիոն գենետիկ Էսկե Վիլերսլևի ղեկավարությամբ։ Նրանք վերլուծել են Սիբիրում՝ Բայկալ լճի շրջանի չորս թաղումներից հայտնաբերված հին աճյունները և 18 հին որսորդ-հավաքողների ատամներում հայտնաբերել ժանտախտի հարուցիչի ԴՆԹ-ի հատվածներ։

Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ վարակը կարող էր առաջացնել բռնկումների երկու ալիք․ առաջինը թվագրվում է մոտ 5 500 տարի առաջ։ Հետազոտողների կարծիքով, հիվանդության հնագույն ձևը գտնվում էր էվոլյուցիայի վաղ փուլերում և տարածվում էր մարդկանց փոքր խմբերի միջև։

Գիտնականները ենթադրում են, որ վարակումը կարող էր տեղի ունենալ վարակված մարմոտների հետ շփման ժամանակ՝ հում միս օգտագործելու կամ մորթիները մշակելու միջոցով, ինչպես նաև մարդկանց միջև՝ օդակաթիլային ճանապարհով։

Զոհերի թվում հատկապես հաճախ հանդիպել են 8-ից 11 տարեկան երեխաներ։ Որոշ թաղումներում հայտնաբերվել են մերձավոր ազգականներ, որոնք թաղված էին միասին, ինչը, ըստ հետազոտողների, վկայում է փոքր համայնքներում վարակի տեղային բռնկումների մասին։

Հեղինակները նշում են, որ ժանտախտի հնագույն ձևը գոյություն է ունեցել դեռևս շատ ավելի վաղ, քան XIV դարում Սև մահվան համավարակը հարուցած բուբոնիկ ձևը, սակայն արդեն այն ժամանակ էլ կարող էր հանգեցնել զգալի մահացության նույնիսկ փոքր քոչվոր խմբերում։

Հետազոտողների կարծիքով, ժանտախտի վաղ էվոլյուցիայի ուսումնասիրությունը օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչպես են հարուցիչները դառնում վտանգավոր մարդու համար և ինչպես կարող են ապագայում առաջանալ նոր համավարակային սպառնալիքներ։

Source: https://news.am/hy/news/1047925