Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած եռակողմ աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ԵՄ-Թուրքիա երկկողմ հարաբերություններից մինչև տարածաշրջանային գործընթացներ։
Ինչպես հաղորդում է Report-ի եվրոպական բյուրոն, այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Գիլը։
Նրա խոսքով՝ բանակցությունները ներառել են ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը պաշտպանության, միգրացիայի և շարժունակության, առևտրի և արդյունաբերական քաղաքականության ոլորտներում։
«Առանձին ուշադրություն է հատկացվել աշխարհաքաղաքական հարցերին, ներառյալ Կիպրոսի շուրջ իրավիճակը, Ուկրաինայի պատերազմը, հարաբերություններն ու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացումը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ չբացահայտելով քննարկումների մանրամասները։
Մեկնաբանելով Կիպրոսի թեման՝ Գիլը հիշեցրել է, որ Եվրամիությունը անհրաժեշտ է համարում օգտվել «վերականգնված ազդակից»՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակում կիպրական հարցի կարգավորման առաջխաղացման համար։ Միաժամանակ նա հրաժարվել է խոսել Էրդողանի արձագանքի մասին՝ նշելով, որ այդ հարցը պետք է ուղղել թուրքական կողմին։
Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ-ն և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են և մտադիր են ամրապնդել հարաբերությունները։ Նրա խոսքով՝ աճող միջազգային անկայունության պայմաններում գործընկերությունը ձեռք է բերում էլ ավելի մեծ նշանակություն, իսկ Թուրքիան մնում է կարևոր գործընկեր Մերձավոր Արևելքում ճգնաժամերի կարգավորման և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու հարցում։
Գիլը նաև մեկնաբանել է նվերը (անվանական ատրճանակներ՝ փորագրությամբ, խմբ.), որը Էրդողանը հանձնել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին։ Նրա խոսքով՝ ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին այդ ժեստի համար։ Նվիրաբերված հրազենը կտեղափոխվի անվտանգ պայմաններում և կպահվի պահեստում, ապա՝ ապաակտիվացումից հետո, Եվրահանձնաժողովի նախագահը մտադիր է այն փոխանցել ռազմական թանգարանին։
Source: https://news.am/hy/news/1048869