Ղազախստանը խստացրել է միջոցները երկրի սահմաններից դուրս քսայուղերի և վառելիքանյութերի ապօրինի արտահանումը կանխելու համար՝ հարևան Ռուսաստանում վառելիքի ապահովմանն առնչվող խնդիրների ֆոնին, հաղորդում է Tengrinews.kz-ը:
Գործող սահմանափակումների մասին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Կայիռխան Տուտկիշբաևը: Նրա խոսքով՝ միջոցառումներից մեկն է դարձել սահմանամերձ պետություններից տրանսպորտի մուտքի սահմանափակումը. բեռնատար և մարդատար ավտոմեքենաները կարող են հատել Ղազախստանի սահմանը օրական ոչ ավելի, քան մեկ անգամ:
Հատուկ ուշադրություն է դարձվում վառելիքի այսպես կոչված «գորշ» արտահանման դեմ պայքարին: Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ ստուգվում են լրացուցիչ վառելիքի բաքեր ունեցող ավտոմեքենաները, որոնք կարող են օգտագործվել սահմանով վառելիքի անօրինական տեղափոխման համար: Այդ միջոցառումներին մասնակցում են ՆԳՆ-ն, Ֆինանսական մոնիտորինգի գործակալությունը, Սահմանապահ ծառայությունը և մաքսային մարմինները:
Սահմանամերձ շրջաններում պարբերաբար հայտնաբերվում են վառելիքի ապօրինի արտահանման փորձերի դեպքեր: Ղազախստանի կառավարության տվյալներով՝ միայն երկու օրվա ընթացքում անցակետերում կասեցվել է լրացուցիչ բաքերով և կանիստրներով ավելի քան երեք տոննա վառելիքանյութերի ու քսայուղերի արտահանման 61 փորձ: Տարեսկզբից ի վեր արձանագրվել է նմանատիպ 593 խախտում:
Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հանձնարարել էր ուժեղացնել վերահսկողությունը նավթամթերքի ապօրինի արտահանման նկատմամբ: Մայիսին ՆԳՆ-ն հայտնել էր անօրինական կերպով տեղադրված լրացուցիչ վառելիքի բաքերով ավտոմեքենաների հայտնաբերման մասին, որոնք օգտագործվում էին երկրից դուրս բենզին արտահանելու համար: Խախտողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաները տեղավորվել են հատուկ պահպանվող ավտոկանգառներում՝ մինչև խախտումների վերացումը:
Source: https://news.am/hy/news/1048662