Իրանը ամերիկյան ծովային շրջափակման վերացումից ի վեր արտահանել է ավելի քան 40 մլն բարել նավթ։ Այս մասին Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Այն պահից, երբ ծովային շրջափակումը հանվեց, մենք արտահանել ենք ավելի քան 40 մլն բարել նավթ», — ասվում է Telegram-ալիքում հրապարակված գրառման մեջ։

Ղալիբաֆի խոսքով՝ Շվեյցարիայում կայացած բանակցություններում քննարկման ամենակարևոր թեման Լիբանանն էր։ Նա նաև նշել է, որ Իրանի հարցի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումները տարբերվում են։

Խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ Իրանը միջուկային հարցի շուրջ բանակցություններ չի վարում, քանի որ հարստացումը երկրի իրավունքն է։ Բացի այդ, Թեհրանը պահպանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները։ Միաժամանակ Ղալիբաֆը Իրանի ռազմական ուժն անվանել է համաձայնության կատարման երաշխիք։

Նշվում է, որ Օրմուզի նեղուցով անվճար անցումն հնարավոր է միայն 60 օրվա ընթացքում, և Իրանը ոչ մի պարագայում չի հրաժարվի ջրային ուղու նկատմամբ իր իրավունքներից։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների շնորհիվ Իրանը նավթը վաճառում է 20%-ով ավելի բարձր գնով, քան նախկինում։

Source: https://news.am/hy/news/1046987