ԱՄՆ-ի տարածքներում՝ Գուամում և Հյուսիսային Մարիանյան կղզիներում, սկսվել է բնակչության շտապ տարհանումը՝ կապված «Բավի» գերթայֆունի մոտենալու հետ, որը, կանխատեսումների համաձայն, կհասնի կղզիներին հուլիսի 6-ի առավոտյան, հաղորդում է BBC News-ը։
ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, թայֆունի էպիկենտրոնում կայուն քամու արագությունը կարող է հասնել 257 կմ/ժ-ի, իսկ պոռթկումները՝ մինչև 333 կմ/ժ-ի։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ տարերքը կարող է առաջացնել աղետալի ավերածություններ, հորդառատ անձրևների հետևանքով լայնածավալ ջրհեղեղներ և մինչև 11 մետր բարձրությամբ ալիքներ։
Ակնկալվում է, որ թայֆունը կանցնի անմիջապես Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների վրայով։ Միևնույն ժամանակ, ամենավտանգավոր եղանակային պայմանները կարող են պահպանվել ցիկլոնի կենտրոնի անցնելուց 8–10 ժամ առաջ և հետո։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել անհապաղ տարհանվել, եթե նրանց տները գտնվում են ողողման վտանգի գոտում կամ չեն կարող դիմակայել փոթորկային քամուն։
Գուամում, որտեղ բնակվում է մոտ 170 հազար մարդ, բացվել է հինգ տարհանման կենտրոն, որոնք նախատեսված են մոտ 1,7 հազար մարդու համար։ Դրանցից մեկն արդեն ամբողջությամբ լցված է, և ժամանողներին ուղղորդում են այլ ապաստարաններ։
ԱՄՆ ռազմածովային ուժերի Թայֆունների նախազգուշացման միացյալ կենտրոնի դասակարգմամբ՝ «Բավին» պատկանում է գերթայֆունների դասին։ Այդպիսի ցիկլոնների քամու արագությունը գերազանցում է 240 կմ/ժ-ը և կործանարար ուժով համադրելի է չորրորդ կամ հինգերորդ կարգի հուրիկանների հետ։
Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները ակտիվորեն պատրաստվում են տարերքի հարվածին։ Խանութների և ռեստորանների սեփականատերերը պատուհանները փակում են նրբատախտակի թերթերով, իսկ ավիաչվերթների մի մասն արդեն չեղարկվել է։ Շատ հանգստացողներ ստիպված են մնալ հյուրանոցներում մինչև եղանակային պայմանների բարելավումը։
«Բավին» արդեն դարձել է չորրորդ կամ հինգերորդ կարգի տասնմեկերորդ արևադարձային ցիկլոնը, որը վերջին տասնամյակում սպառնում է ԱՄՆ տարածքներին։ Գիտնականների կարծիքով, նման փոթորիկների ուժեղացմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը․ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է մթնոլորտում խոնավության քանակը՝ արևադարձային ցիկլոնները դարձնելով զգալիորեն ավելի հզոր։
Source: https://news.am/hy/news/1047982