Գերմանիայում վարձույթով տրվող էլեկտրական ինքնագլորների մասնակցությամբ վթարների զոհերը նոր օրենքի ընդունումից հետո կկարողանան ավելի հեշտությամբ փոխհատուցում ստանալ օպերատորներից: Նոր օրենքը ընկերությունների պատասխանատվությունը հավասարեցնում է ավտոմեքենաների սեփականատերերի համար գործող կանոններին, հաղորդում է The Guardian-ը:

Կառավարող աջ-ձախ կոալիցիայի կողմից պատրաստված օրինագիծը նախատեսում է, որ էլեկտրական ինքնագլորների վարձույթով զբաղվող ընկերությունները, ինչպիսիք են Lime-ը և Bolt-ը, պատասխանատվություն կկրեն իրենց տրանսպորտային միջոցների պատճառած վնասի համար: Նախաձեռնությունն արժանացել է սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների աջակցությանը:

«Նրանք, ովքեր փող են աշխատում էլեկտրական ինքնագլորների վարձույթից, պետք է նաև պատասխանատվություն ստանձնեն այդ տրանսպորտային միջոցների պատճառած վնասի համար»,- խորհրդարանում քվեարկությունից առաջ հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Շտեֆանի Հուբիգը:

Նոր կանոններով՝ պատասխանատվությունը տարածվելու է նաև էլեկտրական ինքնագլորների օգտատերերի վրա. նրանք կարող են պատասխանատվություն կրել ՃՏՊ-ում ենթադրյալ մեղավորության համար, եթե պարզվի, որ բախումը տեղի է ունեցել իրենց մեղքով: Նմանատիպ սկզբունք արդեն կիրառվում է այլ մեքենայացված տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ ավտոմեքենաների նկատմամբ:

Էլեկտրական ինքնագլորները Գերմանիայի ճանապարհներին թույլատրված են 2019 թվականից, իսկ դրանք վարել կարող են 14 տարեկանից բարձր անձինք:

Օրենքն ուղղված է նաև մայթերին և հետիոտնային գոտիներում էլեկտրական ինքնագլորների սխալ կայանման խնդրի լուծմանը, որոնք խոչընդոտ են դառնում քաղաքների բնակիչների համար և հաճախ հանգեցնում վնասվածքների:

Գերմանիայի կառավարության տվյալներով՝ էլեկտրական ինքնագլորների մասնակցությամբ տուժածներով կամ զոհերով վթարների քանակը 2021 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկվել է՝ 5 հազար 535 դեպքից 2024 թվականին հասնելով գրեթե 12 հազարի: Այս վթարները կազմել են տուժածներով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարների մոտ 4%-ը:

2024 թվականին էլեկտրական ինքնագլորների մասնակցությամբ վթարներից զոհվել է 27 մարդ. նրանք բոլորն էլ հենց օգտատերերն են եղել։ Մոտ 1500 մարդ ստացել է ծանր վնասվածքներ, ևս մոտ 11 հազար 400-ը՝ թեթև վնասվածքներ:

Ապահովագրական ընկերությունները նշում են, որ վարձույթով տրվող էլեկտրական ինքնագլորների օգտատերերը սովորաբար ավելի երիտասարդ են, ունեն քիչ փորձ և ավելի հաճախ են խախտում կանոնները, մասնավորապես՝ երթևեկելով մայթերով:

Էլեկտրական ինքնագլորների հետ բախման հետևանքով տուժած կողմնակի անձանց թիվը 2023 թվականին աճել է՝ հասնելով մոտ 5 հազարի՝ 2020 թվականի 1150-ի համեմատ:

Ներկայումս տուժածները փոխհատուցում ստանալու համար պետք է ապացուցեն էլեկտրական ինքնագլորի կոնկրետ վարորդի մեղքը: Գործնականում դա հաճախ բարդ է, քանի որ օրինախախտի ինքնությունը պարզելը երբեմն դժվար է լինում: Էլ ավելի բարդ է մեղավորին որոշել այն դեպքերում, երբ վթարը տեղի է ունեցել փողոցում սխալ թողնված էլեկտրական ինքնագլորի պատճառով:

Source: https://news.am/hy/news/1048966