Գերմանիայի դատախազությունը շարունակում է թելեգրմյան չատերի ցանցի գործունեության հետաքննությունը, որոնց մասնակիցները, քննության վարկածով, խորհուրդներով են փոխանակվել այն մասին, թե ինչպես քնեցնել ու բռնաբարել կանանց, ինչպես նաև հրապարակել են կատարված հանցագործությունների լուսանկարներ ու տեսագրություններ, հաղորդում է Associated Press-ը:
Քննության տվյալներով՝ չատերում օգտագործվել է հատուկ ժարգոն. կանանց անվանել են «մեքենաներ», քնաբեր դեղամիջոցները՝ «վառելիք», իսկ բռնաբարությունը՝ «քշել»: Զոհերին նաև նվաստացուցիչ կերպով «սատկած խոզեր» են անվանել:
Հետաքննությունն ընդգրկում է շուրջ երկու տասնյակ թելեգրամյան խմբեր, որոնցում գրանցված են եղել գերազանցապես Գերմանիայում բնակվող Չինաստանի քաղաքացիներ: Նրանց զոհերը, ինչպես պնդում են քննիչները, ամենից հաճախ դարձել են չինուհիները:
Չորեքշաբթի Բեռլինի դատարանը մեղավոր է ճանաչել գործով չորրորդ մեղադրյալին: 32-ամյա տղամարդը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ բռնաբարությանն օժանդակելու և մի շարք այլ հանցագործությունների համար: Ավելի վաղ այս գործով արդեն դատապարտվել էին ևս երեք ենթադրյալ մասնակիցներ:
Ըստ Ֆրանկֆուրտի գլխավոր դատախազ Դոմինիկ Միսի՝ հանցագործություններն աչքի են ընկել «առանձնակի դաժանությամբ, զոհերի լիակատար դիմազրկմամբ և մանրակրկիտ մտածված նախապատրաստմամբ»։
Քննությունը ենթադրում է, որ որոշ չատեր գոյություն են ունեցել առնվազն 2020 թվականից, իսկ առանձին խմբերի անդամների թիվը կարող էր հասնել շուրջ 50 հազարի: Փաստաբանների տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է, ուստի չեն բացառվում նոր ձերբակալություններն ու լրացուցիչ տուժածների ի հայտ գալը:
Իշխանություններն ուսումնասիրում են նաև այս ցանցի հնարավոր կապերն այլ երկրներում իրականացվող նմանատիպ հետաքննությունների հետ:
Անցյալ շաբաթ Եվրոպոլը հայտարարեց Project Medusa միջազգային գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է այն առցանց համայնքների վերացմանը, որոնք քարոզում են սեռական բռնություն՝ զոհերի կամքը ճնշող դեղամիջոցների օգտագործմամբ: Արդեն հաղորդվում է այդ գործողության շրջանակում տասնյակ ձերբակալվածների մասին:
Source: https://news.am/hy/news/1048715