Գերմանիայում հնագետները հայտնաբերել են 2500-ամյա դամբարան, որը կապում են վաղ երկաթի դարի կելտական էլիտայի հետ, հայտնում է Popular Mechanics-ը։

Հայտնագործությունն արվել է Հեսսեն դաշնային երկրում գտնվող Բադ Կամբերգ քաղաքի շրջանում՝ ավտոճանապարհի մոտ արևային պարկի կառուցումից առաջ տարածքի պլանային ստուգման ընթացքում։

Թեև թաղման վայրում մարդկային աճյուններ չեն հայտնաբերվել, ներսում գտնվել են հարուստ թաղման պարագաներ՝ ներառյալ ոսկյա զարդեր և կառքի տարրեր։ Ըստ հետազոտողների, նման գտածոները թույլ են տալիս դամբարանը դասել այսպես կոչված «իշխանական» թաղումների շարքին։

Երկշաբաթյա պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են ոսկյա զարդերի հավաքածու՝ վզնոց, ապարանջաններ և մատանիներ, ինչպես նաև Միջերկրական ծովի տարածաշրջանից ներմուծված էտրուսկական ծագման անոթ։ Բացի այդ, հայտնաբերվել են զենքի բեկորներ և կառքի մետաղական մասեր, այդ թվում՝ առանցքների և անիվների եզրաշերտերի տարրեր։

Մասնագետների գնահատմամբ, կառքերով թաղումները չափազանց հազվադեպ են Հեսսեն տարածաշրջանի համար։ Հետազոտողները նշում են, որ այս գտածոն համադրելի է հայտնի կելտական հուշարձանների հետ, ինչպիսիք են Գլաուբերգի թաղումները, որոնք նախկինում արդեն հաստատել էին ժամանակակից Գերմանիայի տարածքում զարգացած կելտական էլիտայի գոյությունը։

Հնագետները կարծում են, որ հայտնաբերված համալիրը հաստատում է տարածաշրջանում ավելի քան 2500 տարի առաջ ազդեցիկ կելտական բնակավայրի գոյությունը և հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ այդ ժամանակաշրջանի սոցիալական կառուցվածքը, առևտրային կապերը և թաղման ավանդույթները։

Գտածոյի մի մասը դեռ մնում է հողի շերտի տակ․ մասնագետների տվյալներով, ռենտգենյան և ՀՏ սկանավորման միջոցով կատարված վերլուծությունը ցույց է տալիս լրացուցիչ արտեֆակտների առկայություն, որոնք դեռ պետք է հանվեն և ուսումնասիրվեն։

Source: https://news.am/hy/news/1047930