Գերմանիայի Ֆորստ քաղաքում, Լեհաստանի սահմանից ոչ հեռու, Նայսե գետի ջրային հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորհրդային հրետանային զինատեսակի նմուշ, հայտնել է Euronews-ը։
Գերմանիայի պայթյունավտանգ առարկաների վնասազերծման ծառայության (KMBD) տվյալներով՝ թնդանոթը գտնվել է Կոտբուսից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Խոսքը 1943 թվականի նմուշի 76 մմ հետևակային թնդանոթի մասին է, որն օգտագործվել է Կարմիր բանակի կողմից։
Մասնագետները նշել են, որ զինատեսակը խիստ ժանգոտված էր, սակայն ընդհանուր առմամբ լավ է պահպանվել՝ շնորհիվ այն բանի, որ երկար ժամանակ գտնվել է գետի տիղմի և ավազի մեջ։ KMBD փորձագետ Էնրիկո Շնիկի խոսքով՝ նման գտածոները տարածաշրջանում չափազանց հազվադեպ են։
Պատմականորեն Ֆորստի տարածքն ու նրա շրջակայքը գրեթե ամբողջությամբ ավերվել էին 1945 թվականի ապրիլին վերմախտի և Կարմիր բանակի միջև մղված կատաղի մարտերի ընթացքում։ Այսօր քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 17 հազար մարդ։
Հայտնաբերված թնդանոթը դուրս է բերվել և տեղափոխվելԿումերսդորֆ, KMBD օբյեկտ, որտեղ, նախնական տվյալներով, այն ոչ թե կփոխանցվի թանգարանին, այլ կոչնչացվի։
Եվրոպայում նման գտածոներ պարբերաբար են հայտնաբերվում․ 2025 թվականին Փարիզում ավիառումբի վնասազերծման պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ մեկ տարի առաջ Քյոլնում չպայթած արկի հայտնաբերումից հետո տարհանվել էր ավելի քան 20 հազար բնակիչ։
Source: https://news.am/hy/news/1047843