Գերմանիայի Դյոտլինգեն քաղաքում, Օլդենբուրգի շրջանում, երկու երեխա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են հայտնաբերել, երբ մետաղորսիչի օգնությամբ «գանձեր» էին փնտրում, գրում է Spiegel-ը։

12 և 13 տարեկան տղաները ռազմամթերքը գտել են քեմփինգի խաղահրապարակի տարածքում։ Հայտնաբերելուց հետո նրանք անմիջապես հեռացել են վտանգավոր վայրից և գտածոյի մասին տեղեկացրել արտակարգ ծառայություններին։

«Նրանք լիովին ճիշտ են վարվել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։

Խաղահրապարակը շրջափակվել է, իսկ դեպքի վայր է ժամանել զինամթերքի վնասազերծմամբ զբաղվող գերմանական սակրավորական ջոկատը։

Մասնագետները պարզել են, որ պատերազմի ժամանակների հայտնաբերված նռնակը պիտանի է տեղափոխման համար։ Այն դուրս են բերել և հեռացրել քեմփինգի տարածքից։

Քեմփինգի այցելուներին տարհանելու անհրաժեշտություն չի եղել։ Բացի դրանից, սակրավորներից չի պահանջվել նռնակն անմիջապես տեղում ոչնչացնել։

Source: https://news.am/hy/news/1055067