«Kommando Angry Birds» ձախ ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Քյոլն և Դյուսելդորֆ քաղաքների միջև ընկած երկաթգծի դիվերսիայի պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարությունը հայտնվել է շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին, «Indymedia» հարթակում։
Իրենց հայտարարության մեջ խմբավորման անդամները պնդում են, որ հենց իրենք են կազմակերպել Լևերկուզենից դեպի հյուսիս ընկած երկաթուղային հատվածի հրկիզումը։ Ըստ հաղորդագրության հեղինակների՝ նրանք ընդհատակյա կաբելային ուղիներում (Վուպեր գետի կամրջի մոտ) ինքնաշեն հրկիզող սարքեր են տեղադրել։ Ինչպես փոխանցում է «tagesschau»-ն, հայտարարության մեջ նշվում է, որ հրկիզման համար օգտագործվել են ժամանակաչափեր և մոտ մեկ լիտր այրվող հեղուկ։
Որպես իրենց քայլի դրդապատճառ՝ խմբավորումը նշել է տեխնոլոգիական առաջընթացի և արդյունաբերական գործունեության հետևանքների դեմ պայքարը։ Հեղինակները հայտարարել են, որ իրենց նպատակն է դիմակայել «առաջընթացի պատճառած զանգվածային ոչնչացմանը», և կոչ են արել կազմաքանդել «տեխնոլոգիական-արդյունաբերական համակարգը»։
Հայտարարության իսկության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Այդուհանդերձ, ARD հեռուստաալիքի անվտանգության հարցերով փորձագետ Հոլգեր Շմիդտը կարծում է, որ հաղորդագրությունը կարող է իրական լինել, քանի որ հեղինակները հարձակման վերաբերյալ կոնկրետ մանրամասներ են հայտնում։
Ոստիկանությունն արդեն քննում է միջադեպը։ Անցյալում «Kommando Angry Birds»-ն արդեն մի քանի անգամ ստանձնել է նմանատիպ դիվերսիաների պատասխանատվությունը (այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքների դեմ ուղղված)։ Օրինակ՝ 2025 թվականի հունվարին խմբավորումը հայտարարել էր Դյուսելդորֆում բեռնատար կարևոր երկաթգծի հրկիզման մասին, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր Դյուսելդորֆի և Զոլինգենի միջև գնացքների երթևեկությունը։
Source: https://news.am/hy/news/1049279