Գերմանացի պալիատիվ խնամքի բժիշկը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 15 բուժառու սպանության համար: Բերլինի դատարանը 41-ամյա տղամարդուն, որի անունն ըստ գերմանական անձնական տվյալների պաշտպանության կանոնների չի հրապարակվում և նշվում է որպես Յոհաննես Մ., մեղավոր է ճանաչել 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում 12 կնոջ և երեք տղամարդու սպանության մեջ, հաղորդում է BBC News-ը:
Քննությունը կարծում է, որ այդ հանցագործությունները կարող են լինել ավելի մասշտաբային շարքի միայն մի մասը: Դատախազությունն այժմ հետաքննում է բժշկի գործունեությանն առնչվող ևս տասնյակ դեպքեր:
Զոհվածների տարիքը եղել է 25-ից մինչև 94 տարեկան: Դատարանը սահմանել է, որ նրանք բոլորն էլ տառապում էին ծանր հիվանդություններով, սակայն նրանց մահն անխուսափելի չէր մոտակա ժամանակներում:
Մեղադրանքի տվյալներով՝ տնային այցերի ժամանակ բժիշկն իր բուժառուներին առանց նրանց համաձայնության տարբեր դեղամիջոցների մահացու համակցություն է ներարկել: Մի քանի դեպքերում, ինչպես պնդում են դատախազները, նա փորձել է հրկիզել տները՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար:
2024 թվականի հուլիսին՝ ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ, բժիշկն, ըստ քննության վարկածի, նույն օրը սպանել է երկու բուժառուի՝ 75-ամյա մի տղամարդու՝ Բերլինի կենտրոնական մասում գտնվող իր տանը, իսկ մի քանի ժամ անց՝ 76-ամյա մի կնոջ՝ հարևան թաղամասում: Դատախազությունը հայտարարել է, որ նա փորձել է հրկիզել կնոջ տունը, սակայն այդ փորձը ձախողվել է:
Մոտ մեկ տարի տևած դատավարության մեծ մասի ընթացքում մեղադրյալը ցուցմունք չի տվել: Սակայն անցյալ ամիս նա խոստովանել է, որ «մարդկանց է սպանել», այդ թվում՝ 12 ծանր հիվանդ բուժառուների: Նրա պատմելով՝ ինքն իրեն համոզել է, թե ճիշտ է վարվում՝ նրանց ազատելով «տառապանքներից և տկարությունից»։
Source: https://news.am/hy/news/1048654