Գերմանիայի դաշնային հողերը հանդես են եկել նախաձեռնությամբ՝ Իսրայելի գոյության իրավունքի հրապարակային ժխտումը ճանաչել որպես քրեական հանցագործություն: Օրինագծի մասին հաղորդում է Spiegel-ը:
Հեսսեն դաշնային հողի ներկայացրած համապատասխան առաջարկը Բունդեսրատում ստացել է մեծամասնության աջակցությունը։ Այժմ օրինագիծը ամառային արձակուրդներից հետո պետք է քննարկվի Բունդեսթագում:
Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ այն անձինք, որոնք հրապարակայնորեն կամ հավաքների ժամանակ ժխտում են Իսրայել Պետության գոյության իրավունքը կամ կոչ են անում ոչնչացնել այն, կարող են դատապարտվել ազատազրկման՝ մինչև հինգ տարի ժամկետով, կամ տուգանքի։
Ընդ որում, քրեական պատասխանատվություն կառաջանա միայն այն դեպքերում, երբ նման գործողությունները կատարվում են այնպիսի եղանակով, որն ընդունակ է «նպաստել հակասեմական բռնության գործողություններ կամ կամայականություններ իրականացնելու պատրաստակամությանը»։
Հեսսեն դաշնային հողի արդարադատության նախարար Քրիստիան Հայնցն ընդգծել է, որ օրինագիծն ուղղված չէ խոսքի ազատության կամ Իսրայելի կառավարության քաղաքականության քննադատության դեմ։
«Առաջարկվող փոփոխությունն իրավականորեն հիմնավորված է և քաղաքականապես անհրաժեշտ»,- հայտարարել է նա:
Քվեարկությունից հետո Հայնցը նշել է, որ նախաձեռնությունը պետք է ազդանշան դառնա Գերմանիայի հրեական համայնքի համար։
«Այսօրվանից մեր երկրի բոլոր հրեաներին կարևոր ուղերձ է հղվում՝ մենք ցանկանում ենք և ավելի լավ ենք պաշտպանելու հրեաների կյանքը Գերմանիայում»,- ասել է նախարարը։
Source: https://news.am/hy/news/1049180