Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակի առթիվ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական նամակում նշել է երկու երկրի սերտ պատմական կապերը՝ միևնույն ժամանակ անուղղակիորեն մատնանշելով գոյություն ունեցող տարաձայնությունները։
Ուղերձի տեքստը հրապարակել է DPA գործակալությունը։
Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիայի և ԱՄՆ-ի ընդհանուր պատմությունը «մեծ նշանակություն ունի գերմանացիների համար» և ենթադրում է հատուկ պատասխանատվություն։ Ըստ նրա՝ այն ամրապնդում է երկրների միասնությունը ՆԱՏՕ-ի շրջանակում, որն ապահովում է անվտանգությունը և շարունակում ազատության, արդարության ու ինքնորոշման ավանդույթը։
Շտայնմայերը հիշեցրել է, որ ամերիկյան և գերմանական կապերը ձևավորվել են երկու դարի ընթացքում. 19-րդ դարում գերմանացիները մասնակցել են ԱՄՆ-ի կայացմանը, իսկ 20-րդ դարում Գերմանիայի ուղին դեպի ժողովրդավարություն մեծապես անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների աջակցության։ Նա առանձնահատուկ նշել է ԱՄՆ-ի դերը նացիզմից Եվրոպայի ազատագրման գործում և աջակցությունը Գերմանիայի վերամիավորման գործընթացին։
Միևնույն ժամանակ, Շտայնմայերը, ուղղակիորեն չհիշատակելով Վաշինգտոնի այժմյան քաղաքականությունը, ընդգծել է, որ ցանկացած ժողովրդավարությունում իդեալների և քաղաքական իրականության միջև խզում գոյություն ունի։ Նա հավելել է, որ 250-ամյա հոբելյանը առիթ է՝ խորհելու ընտրված քաղաքական կուրսի շուրջ, որը, ըստ նրա, պետք է որոշվի ազատ և հավասար ժողովրդի կամքով։
Source: https://news.am/hy/news/1047691