Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գրասենյակը (BfV) և Ներքին գործերի նախարարությունը հայտնել են «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության այն անդամների թվի զգալի աճի մասին, ովքեր կարող են կապված լինել աջ ծայրահեղականության հետ, հայտնում է Reuters-ը։
Ըստերեքշաբթի հրապարակված 2025 թվականի զեկույցի՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության (շուրջ 70 հազար անդամներից մոտ 28 հազարը դիտարկվում են որպես աջ ծայրահեղականության նկատմամբ պոտենցիալ հակում ունեցող անձինք։ Մեկ տարի առաջ նրանց թիվը կազմում էր մոտ 20 հազար, ինչը նշանակում է շուրջ 40% աճ։
Զեկույցում նշվում է, որ կուսակցությունը դիրքորոշումների մեղմացման որևէ նշան ցույց չի տալիս, ինչը մտահոգություն է առաջացնում հատուկ ծառայությունների շրջանում։ Ավելին, BfV-ի գնահատմամբ՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ այնպիսի հայացքների, որոնք հակասում են Գերմանիայի ժողովրդավարական սահմանադրական կարգին։
Նման դիրքորոշումների թվում հիշատակվում է գերմանացի ժողովրդի ընկալումը էթնիկ ծագման հիման վրա, ինչը նախկինում դատարաններն արդեն իսկ ճանաչել էին երկրի Սահմանադրության հետ անհամատեղելի։ Զեկույցում մեջբերվում են նաև Թյուրինգիայում կուսակցության առաջնորդներից մեկի՝ Բյորն Հյոկեի հայտարարությունները, որը ՄԱԿ-ի վերաբնակեցման ծրագիրն անվանել է «բնակչության փոխարինում»։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ նման հայտարարություններն արտացոլում են «գաղափարական միասնականացման» գործընթացը, որի դեպքում կուսակցության ներսում չափավոր, լիբերալ-պահպանողական դիրքորոշումները հանրայնորեն ավելի ու ավելի հազվադեպ են հնչում։
Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ աջ ծայրահեղականությունը Գերմանիայում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքն է։ Նշվում է ծայրահեղական շարժումներում երիտասարդության ներգրավվածության աճի մասին՝ հատկապես համացանցում, ինչպես նաև ցանցային համակարգման ուժեղացման և բռնի գործողությունների նկատմամբ հակվածության աճի մասին։
Զուգահեռաբար, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շարունակում է ամրապնդել դիրքերը երկրի քաղաքական համակարգում. կուսակցությունն ազգային հարցումներում առաջ է անցել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողականներից և զգալիորեն գերազանցում է մյուս կուսակցություններին Սաքսոնիա-Անհալթ արևելյան երկրամասում, որտեղ սեպտեմբերին անցկացվելիք ընտրություններում կարող է առաջին անգամ գալ իշխանության։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հերքում է ծայրահեղականության մասին մեղադրանքները՝ հայտարարելով, որ հատուկ ծառայությունների գնահատականները քաղաքականապես մոտիվացված են։
Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Գերմանիան բախվում է ծայրահեղականության ճնշմանը «բոլոր կողմերից՝ ինչպես թվային տիրույթում, այնպես էլ փողոցներում»։
Ըստ BfV-ի ղեկավարի տեղակալ Սինան Սելենի՝ արտաքին սպառնալիքները ներառում են դիվերսիաները և լրտեսությունը՝ հատկապես Ռուսաստանի կողմից։
Source: https://news.am/hy/news/1046935