Գերմանիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի քաղաքացուն «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման գործով, հաղորդում են գերմանական ARD, Süddeutsche Zeitung և Die Zeit պարբերականները՝ հղում անելով քննության տվյալներին:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեղադրյալը, որը նույնականացվել է որպես Սերգեյ Կ․, նախկինում ծառայել է ուկրաինական զինված ուժերում և, ինչպես պնդում են քննիչները, կարող էր ղեկավարել դիվերսիային առնչություն ունեցող խումբը։
Նա մեղադրվում է քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման, պայթուցիկ սարքերի պայթեցման և կառույցների ոչնչացման մեջ։ Ըստ միջազգային քրեական իրավունքի՝ դա կարող է որակվել որպես ռազմական հանցագործություն։
Քննությունը պնդում է, որ հարձակումն իրականացվել է վարձակալված Andromeda առագաստանավի օգտագործմամբ, որից 2022 թվականի սեպտեմբերին պայթուցիկ սարքեր են տեղադրվել Բալթիկ ծովում գտնվող խողովակաշարերի վրա։ Պայթյունների հետևանքով վնասվել են «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների չորս ճյուղերից երեքը։
Քննչական մարմինների տվյալներով՝ մեղադրյալի դեմ առկա ապացուցողական բազան ներառում է նաև հեռախոսազրույցներ, որոնցում նա, գտնվելով Իտալիայի կալանավայրում, քննարկել է իրադարձությունները և կարող էր անուղղակիորեն ինքն իրեն մերկացնել։ Հաղորդվում է նաև նրա բջջային հեռախոսում հայտնաբերված նյութերի մասին, որոնք կապված են գործողության նախապատրաստման և իրականացման հետ։
Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ պարզվել է յոթ կասկածյալի ինքնություն, որոնցից մեկն, ըստ քննության տվյալների, մահացել է։ Եվս մեկ կասկածյալ ձերբակալվել էր Լեհաստանում, սակայն լեհական դատարանը հրաժարվել է նրան հանձնել Գերմանիային՝ նշելով, որ այդ գործողությունները հակամարտության պայմաններում կարող են դիտարկվել որպես ռազմական գործողություն։
Քննությունը դիտարկում է նաև ուկրաինացի զինվորականների և հատուկ ծառայությունների հնարավոր ներգրավվածության վարկածը, սակայն պաշտոնապես դա հաստատված չէ։ Կասկածյալն ու նրա պաշտպանները հերքում են մեղադրանքները։
Սերգեյ Կ-ի գործով դատավարությունը պետք է անցկացվի Համբուրգում։
Source: https://news.am/hy/news/1047210