Գերմանիան ֆինանսավորում է Ուկրաինային 50 հազար հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Դրա մասին Reuters-ին հայտնել է գործարքին իրազեկ աղբյուրը։ First Person View դրոնները պատվիրվել են ուկրաինական խոշոր SkyFall արտադրողից: Դրանք հագեցած են ամերիկյան Auterion ընկերության ծրագրային ապահովմամբ, որը նախատեսված է թռիչքի վերջնական փուլում շարժվող թիրախների ինքնավար հետևման և խոցման համար։

Reuters-ը նշում է, որ սա Ուկրաինայի համար ԱԹՍ-ների գնման արևմտյան կառավարության հայտնի ամենախոշոր գործարքներից մեկն է։ Auterion-ի գլխավոր տնօրեն Լորենց Մայերը գործակալությանը հայտնել է, որ պայմանագրի արժեքը կազմում է մոտ 90 միլիոն եվրո (103 միլիոն ԱՄՆ դոլար), և որ այն ֆինանսավորում է եվրոպական երկրներից մեկը։ Ըստ Մայերի՝ անօդաչուների մի մասն արդեն մատակարարվել է, իսկ մնացածը զորքեր պետք է մուտք գործեն այս տարվա ընթացքում։

Ուկրաինական արտադրողներից սպառազինության գնումների ֆինանսավորումը դարձել է օգնության այն տեսակներից մեկը, որն արևմտյան կառավարությունները ցուցաբերում են ռուսական ագրեսիայի դեմ պայքարող երկրին։ Եվրոպական ընկերությունները միշտ չէ, որ ի վիճակի են արագորեն արտադրել և մատակարարել Ուկրաինային անհրաժեշտ սպառազինությունը։ Մինչդեռ Կիևում հայտարարում են, որ ազգային արտադրողներն ընդունակ են զգալիորեն մեծացնել արտադրությունը, միայն թե լինեն միջոցներ նրանցից ռազմական արտադրանք գնելու համար։

Աջակցության նման եղանակի առաջամարտիկը դարձել է Դանիան։ Մայերի տվյալներով՝ այս տարի Auterion-ը, համագործակցելով տարբեր արտադրողների հետ և արևմտյան մի քանի երկրների ֆինանսական աջակցությամբ, իր ծրագրային ապահովմամբ կհագեցնի ընդհանուր առմամբ 100 հազար անօդաչու թռչող սարք, որոնք ստանում է Ուկրաինան։ Դրա մեջ ներառված է նաև Պենտագոնի հետ 50 միլիոն դոլարի պայմանագիրը՝ 33 հազար դրոնների մատակարարման վերաբերյալ, որոնք, ըստ նրա, արդեն հասցվել են Ուկրաինայի զինված ուժերին։

Մեծ Բրիտանիան հունիսին հայտնել էր, որ այս տարի Ուկրաինային 150 հազար անօդաչու թռչող սարք կտրամադրի՝ մոտ 1 միլիարդ դոլարի ավելի լայնածավալ օգնության փաթեթի շրջանակում։

SkyFall-ը Reuters-ին հաստատել է Գերմանիայի մասնակցությունը գործարքին, սակայն հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել գնման մանրամասները։

Կիևը շտապում է առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա անօդաչուներով հարվածների իր արշավի միջոցով, քանի դեռ հակառակորդը չի հասցրել պատճենել ուկրաինական տեխնոլոգիաները և չի սկսել դրանք օգտագործել պատասխան ռմբակոծությունների համար. Politico-ին պատմել են ուկրաինացի երկու պաշտոնյաներ։ Նրանք նշել են նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը ձգտում են հնարավորինս մեծ վնաս հասցնել մինչև ձմեռ, երբ Ռուսաստանն ավանդաբար սկսում է զանգվածային հարվածների արշավը ուկրաինական քաղաքների դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել դրանց էներգահամակարգերը և բնակիչներին զրկել լույսից, ջերմությունից ու ջրամատակարարումից։

Source: https://news.am/hy/news/1049577