Գերմանիայի կառավարությունը պատրաստում է օրենսդրության մասշտաբային բարեփոխում, որն առաջին անգամ գերմանական հատուկ ծառայություններին հնարավորություն կտա ոչ միայն հետևել արտաքին կիբեռսպառնալիքներին, այլև ակտիվորեն հակազդել դրանց, ներառյալ՝ հակերային հարձակումները և համակարգչային համակարգերի կոտրումը, հակառակորդի ենթակառուցվածքների շարքից հանումը և ապատեղեկատվության տարածումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով օրենքի նախագծին։

Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանական հետախուզական ծառայությունների լիազորությունները էականորեն սահմանափակվել էին՝ անվտանգության մարմինների ձեռքում իշխանության չափից ավելի կենտրոնացում թույլ չտալու համար։ Ի տարբերություն արտասահմանյան շատ հատուկ ծառայությունների, գերմանական գերատեսչությունները հիմնականում զբաղվում էին տեղեկությունների հավաքամամբ և դիտարկմամբ։

Ըստ բարեփոխումների նախագծի՝ կառավարությունը մտադիր է հատուկ ծառայություններին ավելի լայն հնարավորություններ ընձեռել՝ ի պատասխան աճող կիբեռսպառնալիքների և հիբրիդային հարձակումների, որոնք Բեռլինը կապում է առաջին հերթին Ռուսաստանի հետ։

Փաստաթուղթը նախատեսում է իրավական դաշտի վերանայում ինչպես Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (ներքին հետախուզություն), այնպես էլ Դաշնային հետախուզական ծառայության (BND) համար, ինչպես նաև գաղտնի գործողությունների, հատկապես կիբեռտարածությունում իրականացվողների, կարգավորման միասնական համակարգի ստեղծում։

Օրենքի նախագիծը ներմուծում է սպառնալիքների նոր կատեգորիաներ, որոնցից էլ կախված կլինի հատուկ ծառայությունների լիազորությունների ծավալը՝ սովորական մոնիտորինգից մինչև վերահսկողության ամենախիստ միջոցների կիրառումը։

Առաջին անգամ գերմանական հատուկ ծառայությունները հնարավորություն կունենան միջամտել ենթադրյալ չարագործների ենթակառուցվածքների աշխատանքին, ինչպես նաև հատուկ գործողությունների շրջանակում նպատակաուղղված կերպով կեղծ տեղեկություններ տարածել։

Խիստ իրավական պայմանների պահպանման դեպքում հետախուզական ծառայությունները իրավունք կստանան նաև կոտրել տեղեկատվական համակարգերը, պատճենել կամ ջնջել տվյալները և շարքից հանել այն գործիքները, որոնք օգտագործվում են օտարերկրյա պետությունների կիբեռգործողություններում, դրանց թվում՝ մասշտաբային կիբեռհարձակումների ժամանակ։

Բացի դրանից, փաստաթուղթը սահմանում է նոր կանոններ պետական լրտեսական ծրագրային ապահովման կիրառման համար՝ սարքերին հեռակա հասանելիություն ստանալու և ինտերնետային հաղորդակցությունների գաղտնի վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Հեռահաղորդակցության ընկերությունները, թվային հարթակները, տրանսպորտային օպերատորները և ֆինանսական միջնորդները կարող են տեղեկություն ստանալ պարտադիր գաղտնի հրահանգներ տրամադրելու համար։ Նման պահանջները չկատարելու համար նախատեսված են տուգանքներ մինչև 1 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև տեղերում ստուգումների անցկացում։

Օրինագիծը միաժամանակ մանրամասնորեն կարգավորում է գաղտնի գործակալների օգտագործումը։ Բացառիկ դեպքերում, առավել լուրջ սպառնալիքները կանխելու համար, թույլատրվում է ներգրավել 16 տարեկանից բարձր անձանց։

Վերջապես, վերահսկող մարմինների գործող համակարգի փոխարեն առաջարկվում է ստեղծել Վերահսկողության անկախ խորհուրդ, որը թույլտվություն կտա առավել զգայուն օպերատիվ միջոցառումների համար, ներառյալ՝ երկարատև քողարկված գործողությունները, գաղտնալսումները և բնակելի տարածքներում գաղտնի դիտարկումները։

Source: https://news.am/hy/news/1047416