Գերմանիան և Նիդերլանդները ռազմական հրամանատարական կենտրոն են ստեղծել՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանին զսպելու նպատակով։ Եվրոպան իր վրա ավելի շատ պարտավորություններ է վերցնում, քան վերջին 35 տարվա ընթացքում, էստոնական Վալգա քաղաքում կայացած արարողության ժամանակ հայտարարել է ամերիկյան գեներալ, ՆԱՏՕ-ի Ցամաքային զորքերի հրամանատար Քրիստոֆեր Դոնահյուն։ «Զսպումը հենց այսպես էլ աշխատում է՝ գետնի վրա իրական գործով (բառացի՝ ցեխոտ կոշիկներով), այլ ոչ թե ամբիոններից հնչող ճառերով»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն եվրոպացի դաշնակիցների հետ միասին կշարունակի պաշտպանել Մերձբալթյան երկրները։ «Դուք պատրաստ եք նոր ձեռքբերումների և ձեր խոսքն ամրապնդում եք գործով, իսկ Միացյալ Նահանգները կլինի ձեր կողքին»։
Մինչ այժմ Մերձբալթյան երեք երկրներում և Լեհաստանի հյուսիսում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը ենթարկվում էին լեհական Շչեցին քաղաքի միասնական միջազգային շտաբին։ Այժմ Էստոնիայում և Լատվիայում գտնվող ՆԱՏՕ-ի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև ցամաքային զորքերի ազգային ստորաբաժանումները կանցնեն Գերմանա-նիդերլանդական առաջին կորպուսի հրամանատարության տալ։ Դա հնարավորություն կտա զորքերի թվակազմն ավելացնել մեկուկես անգամ։
Նոր հրամանատարական կենտրոնը կղեկավարի ռազմական զորավարժությունները, նախապատրաստական միջոցառումները և տարածաշրջանի պաշտպանությունը՝ Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ «ՆԱՏՕ-ի արևելյան թևում ևս մեկ բարձր արդյունավետություն ունեցող շտաբ ավելացնելով՝ մենք բարձրացնում ենք մարտունակությունը, ամրապնդում օպերատիվ կառավարման կառուցվածքները և ուժեղացնում ցանկացած պոտենցիալ հակառակորդի զսպելու կարողությունը»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նոր կառուցվածքը դաշինքին թույլ կտա ավելի շատ զինվորականներ հատկացնել տարածաշրջանի պաշտպանությանը։ Գերմանա-նիդերլանդական առաջին կորպուսի հրամանատարության տակ կանցնեն Էստոնիայում և Լատվիայում գտնվող ՆԱՏՕ-ի երկու դիվիզիաները։ Սակայն լիարժեք մարտական պատրաստության դեպքում կորպուսի կազմում, որպես կանոն, ներառվում է երեք դիվիզիա՝ 40-ից 60 հազար զինծառայողով, նշում է Reuters-ը։
Խաղաղ ժամանակ նրանք բոլորը չեն գտնվի տարածաշրջանում, բայց Մերձբալթյան երկրների պաշտպանության համար պատասխանատու նոր կորպուսի առկայությունը ՆԱՏՕ-ին թույլ կտա «օպերատիվորեն զգալի ուժեր տեղակայել»,- գործակալությանը հայտնել է դաշինքի անդամ երկրներից մեկի ռազմական պաշտոնյան։
Source: https://news.am/hy/news/1046905