ԱՄՆ-ում միլիարդատերերն սկսել են ավելի հաճախ գնել հարևան հողատարածքները՝ լայնածավալ փակ առանձնատներ ստեղծելու համար։ Հուլիսի 13-ին այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հղում անելով «Coldwell Banker» ընկերության զեկույցին։

Այս նոր երևույթն ստացել է «լենդմաքսինգ» անվանումը, որը նշանակում է հավելյալ տարածքներ ձեռք բերելու միջոցով սեփական հողային տիրույթներն առավելագույնս ընդլայնելու ձգտում։ Ըստ զեկույցի՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում ԱՄՆ-ում էլիտար անշարժ գույքի գնման հարցումների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։

Կառուցապատման համար նախատեսված հողատարածքների պահանջարկը տարեկան կտրվածքով աճել է 97%-ով, իսկ մասնավոր կղզիների ու կալվածքների նկատմամբ հետաքրքրությունը ավելացել է ավելի քան երկու անգամ։

«Coldwell Banker Realty» ընկերության գործակալ Դենի Հերցբերգի խոսքով՝ հարուստ գնորդները հաճախ ձեռք են բերում հարևան հողատարածքները՝ անձնակազմին տեղավորելու, այգիներ հիմնելու կամ նավամատույցներ կառուցելու համար։ Բացի այդ, դա օգնում է հաճախորդներին լիովին «մեկուսանալ հարևաններից»։ Գերհարուստ ամերիկացիները նման ներդրումները դիտարկում են նաև որպես սեփական կապիտալի պաշտպանության միջոց։

«Այժմ սա (ամբողջական թաղամասեր գնելը) շատ ավելի պահանջված է, քան 4 հազար քառակուսի մետր մակերեսով մեկ առանձին տունը։ Ոմանց համար դա գաղտնիության և անվտանգության հարց է, մյուսների համար՝ պաշտպանություն գնաճից»,- հայտարարել է Հերցբերգը։

Որպես օրինակ՝ պարբերականը մատնանշում է «Green For Life» բնապահպանական ընկերության հիմնադիր Պատրիկ Դովիջիին, որն անցյալ տարի գրեթե 49 միլիոն դոլարով ջրափնյա երեք հողատարածք է ձեռք բերել՝ մարզասրահ, սպա-համալիր և պադել-թենիսի կորտ կառուցելու համար։

«Լենդմաքսինգի» հայտնի կողմնակիցների թվում WSJ-ն նշում է «Amazon»-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին, «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնին և «Citadel LLC» ներդրումային հիմնադրամի ղեկավար Քենեթ Գրիֆինին։ Այս գործարարներն ակտիվորեն գնում են հարևանությամբ գտնվող անշարժ գույքի օբյեկտները՝ մեկուսացված մասնավոր տարածքներ ստեղծելու համար։

Source: https://news.am/hy/news/1049930