Ուժգին ջրհեղեղներն ու սողանքները, որոնք առաջացել են Գանայի և Կոտ դ'Իվուարի մայրաքաղաքներում մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով, հանգեցրել են առնվազն 24 մարդու մահվան, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Փրկարարական ծառայությունները շարունակում են հեղեղված շենքերում արգելափակված հարյուրավոր բնակիչների տարհանումը։

Գանայի մայրաքաղաք Ակրայում և հարևան Տեմա քաղաքում երկուշաբթի ամբողջական թաղամասեր են հայտնվել ջրի տակ. ջուրն ամբողջությամբ ծածկել է ճանապարհներն ու շենքերը՝ խաթարելով տրանսպորտային հաղորդակցությունն ու հասանելիությունը մի շարք շրջանների հետ։

Գանայի Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ալեքս Քինգ Նարտեյի տվյալներով՝ երկրում հաստատվել է առնվազն 12 մարդու մահ, որոնց թվում՝ մոր և երեխայի, որոնց ջրի հոսքերը քշել-տարել են Աչիմոտա-Ագբոգբլոշի շրջանում։

Կոտ դ'Իվուարում նույնպես մի քանի օր տևած անձրևները մասշտաբային ջրհեղեղների պատճառ են դարձել, ինչը հանգեցրել է ավելի քան մեկ տասնյակ մարդու մահվան, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաք Աբիջանի Ատեկուբե և Յոպուգոն համայնքներում, հայտնել է ազգային միասնության նախարար Միսս Բելմոնդե Դոգոն։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն ինը մարդ զոհվել է Մոսիկրո շրջանում շենքերի փլուզման հետևանքով փլատակների տակ մնալով։

Ականատեսները տեսանյութեր են հրապարակել Ակրայից, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ մինչև գոտկատեղը ջրի մեջ փորձում փրկել հարևաններին, իսկ ավտոմեքենաները լքված են մնացել հեղեղված փողոցներում։

Փրկարարական ծառայությունների խոսքով՝ հասանելիությունը տուժած շրջանների հետ խիստ դժվարացած է եղել, ուստի ստիպված են եղել ներգրավել զինվորականներին։ Որոշ թաղամասեր մասնակիորեն հեղեղված են մնացել նաև երեքշաբթի առավոտյան։

Գանայի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային կազմակերպությունը հայտնել է, որ արտակարգ կանչերն սկսել են ստացվել երկուշաբթի առավոտյան ժամը 7-ի սահմաններում, երբ ջուրը սկսել է ներթափանցել բնակիչների տներ։

«Ամեն ինչ հեղեղված էր։ Սա տագնապալի է»,- հայտարարել է գերատեսչության հաղորդակցության գծով փոխտնօրեն Մարիամ Դոնգյելա Միլլան։

Գանայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է Ակրայի բնակիչներին շաբաթվա ընթացքում հնարավոր նոր անձրևների մասին։

Մահացու ջրհեղեղները շարունակում են տարածված երևույթ մնալ Աֆրիկայի մի շարք երկրներում, որոնք համարվում են արտառոց եղանակային երևույթների նկատմամբ ամենախոցելիներից մեկը՝ չնայած ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների մեջ ունեցած իրենց համեմատաբար փոքր ներդրմանը, նշում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։

Source: https://news.am/hy/news/1046928